Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/327

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տարի մենք Մոսկվայից սկսած մինչև Թեհրան, Սամարղանդից սկսած մինչև Մանչեստր առուտուր ենք ունեցել, հիմա դո՞ւ պիտի խելք սովորեցնես Ֆռանգուլյաններին։

ԱՐԱՄԱԶԴ. Պարոն Աթանես, անցան այդ ժամանակները,հիմա մրցումը դժվարացել է, վաճառականից այժմ շատ բաներ են պահանջվում։ Վերջապես, այլ է վաճառականություն, այլ է արդյունաբերություն։
ԱԹԱՆԵՍ. (Ոտքի է կանգնում վրդովված)։ Շատ ես խելքիդ զոռ տալիս․․․ Լակո՜տ։
ԱՐԱՄԱԶԴ. (Ոտքի է կանգնել Աթանես ի նեա միաժամանակ: Ցնցվում է «լակոտ» բառը լսելիս: Բայց զսպում է իրան): Կարճ լռության:
ԱՐԱՄԱԶԴ․ (Դուրս է բերում գրպանից մի մեծ քառածալ թերթ և տալիս է Աթանեսին): Թույլ տվեք ներկայացնել ձեզ իմ վերջին հաշիվը։
ԱԹԱՆԵՍ. (Զղջացել է, որ վիրավորեց Արամազդին: Վերցնում է թուղթը։ Մեղմ): Գործ սկսե՞լ ես։
ԱՐԱՄԱԶԴ. Այո։
ԱԹԱՆԵՍ․ Ե՞րբ։
ԱՐԱՄԱԶԴ․ Վեց ամիս է։
ԱԹԱՆԵՍ․ Վեց ամիս է և ինձ ոչինչ չե՞ս ասել։ (Թուղթը շպրտում է սեղանի վրա):
ԱՐԱՄԱԶԴ․ Գաղտնիք պահելը ձեզանից եմ սովորել։
ԱԹԱՆԵՍ. Ի՞նչ գործ է սկսածդ։
ԱՐԱՄԱԶԴ․ Հանքային։
ԱԹԱՆԵՍ․ (Զարմացած և բարկացած): Ի՞նչ։
ԱՐԱՄԱԶԴ. Ես գնեցի Հաջի Ղասումից այն հողերը։ Հիշում ե՞ք, մի ամբողջ ամիս ես հորդորում էի ձեզ գնել և չգնեցիք։
ԱԹԱՆԵՍ. (Ավելի գրգռված): Դու համարձակվեցիր իմ պատառը խլել իմ ձեռքի՞ց։ Ես ուզում էի, որ թուրքը նեղն ընկնի և հողը կես գնով տա։
ԱՐԱՄԱԶԴ․ Ոչ, պարոն Աթանես, միայն այդ չէր պատճառը, որ հողը ձեր ձեռքից դուրս եկավ։
ԱԹԱՆԵՍ․ Բաս ի՞նչ էր էլի։