Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/334

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՐԱՄԱԶԴ. Այո, այսօրվանից ես այլևս ձեր կառավարիչը չեմ։

ՕՎՍԱՆՆԱ. (Անտարբեր): Ինչո՞ւ եք հորս մենակ թողնում։
ԱՐԱՄԱԶԴ. էհ օրիորդ, ամեն մարդ ձգտում է անկախ լինելու, բավական է որքան ծառայեցի։
ՕՎՍԱՆՆԱ. (Ձեռքը մեկնում է): Բարի ճանապարհ։
ԱՐԱՄԱԶԴ. (Արագ մոտենում է, զուսպ ջերմությամբ սեղմում է Օվսաննայի ձեռքը և իսկույն թագ թողնում): Ուրեմն... (Շփոթությունից գլխարկը ճմլտում է ձեռքերի մեջ):
ՕՎՍԱՆՆԱ. (Փունջը վերցնելով, նայում է, հոտ առնում): Բա՞ն ունեք ասելու։
ԱՐԱՄԱԶԴ. (Տատանվելով): Ոչ։ Ձեզանից էի սպասում մի խոսք, մի որևէ...
ՕՎՍԱՆՆԱ. (Անտարբեր): Ցանկանում եմ ձեզ կատարյալ հաջողություն ապագայում։
ԱՐԱՄԱԶԴ. Այդքա՞նը միայն։
ՕՎՍԱՆՆԱ. (Փունջը դնում է դաշնամուրի վրա): Բարևեցեք ձեր քույրերին։ (Մոտենում է լուսամուտին):
ԱՐԱՄԱԶԴ. (Արագ հաղթելով իր շփոթությունը, համարձակ):
Մի խոսք միայն կկամենայի ասել, օրիորդ։
ՕՎՍԱՆՆԱ. (Երեսը դարձնում է դեպի նա, սառը): Լսում եմ:
ԱՐԱՄԱԶԴ. Ես համարձակվեցի ձեզ առաջարկություն անել, մերժեցիք արհամարհանքով։ Ունեիք իրավունք, որովհետև... ես ով եմ, որ հանդգնեցի... բայց, ցանկանում եմ, որ մի ուրիշի հետ դուք լինեք երջանիկ...
ՕՎՍԱՆՆԱ. (Ցույց է տալիս Ժորժի տված մատանին): Նայեցեք... Ես արդեն երջանիկ եմ...
ԱՐԱՄԱԶԴ. (Անախորժ ցնցումն): Ահ, ուրեմն արդեն վճռվա՞ծ է։
ՕՎՍԱՆՆԱ. Ինչպես տեսնում եք։ Երթաք բարով։ (Երեսը դարձյալ Արամազդից դարձնում է):
ԱՐԱՄԱԶԴ. (Չի գնում: Մտածում է): Լռություն:
ՕՎՍԱՆՆԱ. (Ետ է նայում): Ո՞ւմն եք սպասում։
ԱՐԱՄԱԶԴ. Կարելի՞ է ձեզ մի հարց տալ, օրիորդ։
ՕՎՍԱՆՆԱ. (Ձանձրացած): Ա՜հ, ի՞նչ համառն եք դուք: