Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/339

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՐԱՄԱԶԴ․ (ժպտալով): Ինչ քիչ բան ես ուզում։ Բավական

է, որ օրական մի քանի հազար փութ նավթ լինի։ Բայց․․․ ով գիտե․․․ հոր է, կարող է հանկարծ խփել․․․
ՆՈՅԻՄԶԱՐ․ Ուրեմն, հույս կա՞։ (Նավթահողը դնում է գրասեղանի վրա խնամքով, ինչպես սրբություն):
Լսում ես, Լեյլի։ Էհ, դու հենց քո գրքով ես զբաղված։ (Վեր է կենում):
ԱՐԱՄԱԶԴ․ Լեյլին բանաստեղծ է, նրան հանգիստ թող։ (Սկսում է համարակալի վրա արագ-արագ հաշիվներ անել):
ՆՈՅԻՄԶԱՐ․ Ուրեմն բաժինների գինը կբարձրանա։ Ահ, ես էլ ունիմ։ Ամուսնուս թողած կոպեկներն եմ գցել գործի մեջ։ Երանի չկորչեն։
ԱՐԱՄԱԶԴ. Եթե կասկածում ես, հենց այսօր քո բաժինները կառնեմ, մեկին երկու տալով։
ՆՈՅԻՄԶԱՐ. (Ուրախ): ճշմարի՞տ: Չէ, հանաք ես անում։
ԱՐԱՄԱԶԴ․ Ես ժամանակ չունիմ հանաք անելու։ (Ետ է նայում): Տալի՞ս ես։
ՆՈՅԻՄԶԱՐ. Ի՞նչ կասես, Լեյլի, տամ, թե՞ չէ։ Մեկին մեկ աշխատանք է առաջարկում։
ԼԵՅԼԻ. Ես ոչինչ չեմ հասկանում այդ բաներից։
ՆՈՅԻՄԶԱՐ․ (Արամազդին): Տուր փողերը։
ԱՐԱՄԱԶԴ. Իսկույն, (Բաց է անում գրասեղանի արկղը):
ՆՈՅԻՄԶԱՐ. Բայց ոչ, ոչ, համաձայն չեմ: Կարելի է ուրիշներին ավելի տան։
ԱՐԱՄԱԶԴ. Ըհը, հիմար չես։ (Շարունակում է պարապել):
ԼԵՅԼԻ. Քույր ու եղբայր առուտուր են անում,
ՆՈՅԻՄԶԱՐ. Չե՞ս հավանում։
ԼԵՅԼԻ. Չի սազում։
ՆՈՅԻՄԶԱՐ․ Շատ հարկավոր է, որ չի սազում, թող լինի մեջտեղ։
ԱՐԱՄԱԶԴ. Ես քաղցած եմ, մի բան տվեք ուտելու։
ՆՈՅԻՄԶԱՐ. Դեռ շատ վաղ է, ճաշ չենք պատրաստել։
ԱՐԱՄԱԶԴ. Դրեք սեղանի վրա մի կտոր հաց ու պանիր ահա իմ ճաշը։