Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/340

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԼԵՅԼԻ. (Գիրքր մի կողմ դնելով, մոտենում է պահարանին):

Տեսնեմ, ինչ ունենք։
ՆՈՅԻՄԶԱՐ. Այ թե ֆանտան խփի, օօ, էլ ինձ հետ խոսել չի լինիլ…
ԼԵՅԼԻ. Պանիր, մի կտոր ձուկ, երշիկ, այս էլ ապուխտ, գինի... (Հիշած իրերր մեկ-մեկ դնում է սեղանի վրա):Պատրաստ է։
ՆՈՅԻՄԶԱՐ. Այսօր մենք էլ առանց տաք կերակրի ճաշեցինք։Ուրախությունից իմ ախորժակը փակվեց։
ԱՐԱՄԱԶԴ.(Գրիչը ձգել է, մոտեցել ճաշի սեղանին): Նստեցեք: Ուրեմն, ինձ ոչ ոք դեռ չի հարցրել։ Լավ, լավ: (Սկսում է ուտել արագ-արագ):
ԼԵՅԼԻ. (Նստելով): Ահ, քիչ էր մնում մոռանայի։ Ֆռանգուլյանների ծառան էր եկել։
ՆՈՅԻՄԶԱՐ. (Նստելով): Այդ ես չեմ իմացել։
ԼԵՅԼԻ. Դու տանը չէի՞ր:
ԱՐԱՄԱԶ՚Դ. (Քույրերի և իր համար գինի ածելով): Լսիր, Լեյլի, որպեսզի ոչինչ չմոռացվի, քարշ արա այն պատին, այ այնտեղ, իմ գրասեղանի գլխին, մի քարետախտակ և մի քարեգրիչ և ամեն օր գրիր եկողների անունները: Ի՞նչ էր ուզում Ֆռանգուլյանների ծառան:
ԼԵՅԼԻ. Ասում էր, աղան քեզ կանչում է իր մոտ։
ԱՐԱՄԱԶԴ. Աղան ինձ կանչում է իր մոտ։ (Հեգնական ժպիտ): Աղան այժմ ինքը կարող է շնորհ բերել մեր տուն և... կգա։ Ես զբաղված եմ։
ՆՈՅԻՄԶԱՐ. Ֆռանգուլովը մեր տո՞ւն գա։ Աշխարհի վերջն է, ինչ...
ԱՐԱՄԱԶԴ. Ոչ, Նոյիմզար, աշխարհի սկիզբն է։ Մեր աշխարհի… Որովհետև մենք մի հորից նավթ կսկսենք քաշել այս քանի օրերը, իսկ մյուսից սպասում ենք շատ-շատ մի ամսից հետո։
ՆՈՅԻՄԶԱՐ. (Ուրախ): Այս քանի օրե՞րը և դու ինձ չե՞ս ասում: Այ դու խորամանկ, ուզում էիր ինձ խաբել, հա: Լավ է, որ չծախեցի բաժիններս։
ԱՐԱՄԱԶԴ. (Բաժակը զարկելով Նոյիմզարի բաժակին): Ասա, կեցցե ռիսկը և եռանդը: (Խմում է):