Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/345

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գնամ էսենտուկ — մի քիչ լղարելու։ (Արամազդին): Սառը գինի ունե՞ս։

ԱՐԱՄԱԶԴ. Լեյլի, Շամիլին գինի տուր, իսկ ես գրասենյակ վարձեցի:
ԼԵՅԼԻ. (Պահարանից բերում է գինի ու բաժակ և, դնելով սեղանի վրա, դարձյալ նստում է իր տեղը):
ՇԱՄԻԼ-ԲԵԳ. (Գինի ածելով):Քանո՞վ վարձեցիր։
ԱՐԱՄԱԶԴ. Տարեկան հազար ու հինգ հարյուր ռուբլով։
ՇԱՄԻԼ-ԲԵԳ. (Գինի ածելով): Փա՜հ, ադա, չլինի թե մեզ ուզում ես չոր տափի վրա թողնել։ (Խմում է):
ԱՐԱՄԱԶԴ. (Ձեռքը զարկելով Շամիլ-բեգի ուսին): Այժմ պետք է հոգալ գործարանի մասին։
ՇԱՄԻԼ-ԲԵԳ. (Նորից բաժակը լցնելով): Զավո՞դ էլ ես ուզում շինել։ Հեռու կաց, քեզանից նավթի հոտ է գալիս։ (Խմում է):
ԱՐԱՄԱԶԴ. Ամեն բան պետք է ունենանք, մինչև անգամ նավեր, բայց ապագայում։
ՇԱՄԻԼ-ԲԵԳ. (Ունքերը բարձրացնելով): Բո՜, բո՜, բո՜, ադա, տես որ փողերիս գլխին քար չգցես։ Գինի ծախելով եմ աշխատել։
ԱՐԱՄԱԶԴ. Ուզո՞ւմ ես, բաժիններդ ծախիր ինձ, հարյուրին ես հիսուն աշխատանք կտամ, հե՞։
ՇԱՄԻԼ-ԲԵԳ. Դե լավ, դու գիտես, յա պան, յա պռապան։ (Նախասրահում զանգակի ձայն):
ԱՐԱՄԱԶԴ. (Արագ շարժումով): Լեյլի, այս նա է։ Այդ շիշը վերցրու, Շամիլ, անցիր իմ սենյակը։ Լեյլի, դու էլ հեռացիր։ Դռները ես ինքս կբանամ։
ԼԵՅԼԻ. (Գինու շիշն ու բաժակը դնում է պահարան և գրքեր վերցնելով գնում է աջ կողմի դռներով):
ԱՐԱՄԱԶԴ. (Շամիլ-բեգին): Դու դեռ այստե՞ղ ես։
ՇԱՄԻԼ-ԲԵԳ. Ախար, ի՞նչ է, ո՞վ է։
ԱՐԱՄԱԶԴ. Գնա՛, գնա՛, հետո կիմանաս։ (Դարձյալ զանգակ):
ՇԱՄԻԼ-ԲԵԳ. Ո՜ւֆ։ (Տնքտնքալով գնում է ձախ կողմի դռներով):