Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/348

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ստիպված են անել այն, ինչ որ վիրավորական է իրանց անձնասիրության համար։ Դա սովորական երևույթ է։

ԱԹԱՆԵՍ. Լավ ես խոսում, շատ լավ ես խոսում, ասա։
ԱՐԱՄԱԶԴ. Կասեմ, ինչո՞ւ պիտի թաքցնեմ, վաղը դուք պարտավոր եք բանկին վճարել մի բավական մեծ գումար։Դուք խնդրել եք, որ հետաձգեն, չեն համաձայնվել, որովհետև այլևս ձեր դրությունը պարզ է։ Ուրեմն ձեր մուրհակները վաղը ուղարկում են նոտարին։ Իսկ այդ յոթանասունուհինգ տարի գոյություն ունեցող Ֆռանգուլյան ֆիրմայի համար... անպատվություն է…
ԱԹԱՆԵՍ. (Կատաղի): Լռիր, լռիր, այդ քո բանը չէ, քո բանը չէ։
ԱՐԱՄԱԶԴ.Ոչ մասամբ իմ բանն է, որովհետև ինձ մոտ եք եկել։ Դուք դիմել եք ձեր ազգականներին ու բարեկամներին, մերժումներ եք ստացել։ «Չունենք, կրիզիս է, թե չէ—ուրախությամբ» և այլն, և այլն։ Սովորական ստախոսություն, երբ ազնվություն չունին ուղղակի ասելու «չենք տալիս, որովհետև չենք հավատում»: Եվ, այսպես, ձեզ ամեն տեղ մերժել են և ձեր հիվանդոտ ինքնասիրությունը վիրավորել։ Իհարկե, դուք պատրաստ էիք կես գնով ծախել ձեր անշարժ կալվածքներից մեկը, կամ մաքսատանը դարսած ապրանքները, բայց նրանք գրավի տակ են և... մեծ գրավի։ Մնում է գործարանը։ Այն էլ ոչ ոքի հարկավոր չէ։ Բայց և այնպես ձեր միակ փրկությունը, այսինքն ժամանակավոր փրկությունը նա է, և ձեր փրկողը միայն ես կարող եմ լինել։ Ահա ճշմարտությունը։ (Անցուդարձ է անում):
ԱԹԱՆԵՍ. (Լսել է մերթ կեղծ արհամարհանքով, մերթ կատաղած): Դո՞ւ, հա, հա, հա։ (Դառն արհամարհական ծիծաղ):
ԱՐԱՄԱԶԴ. Այո, պարոն Աթանես, ե՛ս, քո նախկին գործակատարը։ Չեմ թաքցնիլ, ձեր գործարանը հարկավոր է մեզ, ես նրա շրջապատող հողերը վերցրել եմ տասներկու տարով։ Ուստի խնդրեմ պատասխանեք. ուզո՞ւմ եք
ծախել ձեր գործարանը, թե՞ կապալով տալ: