Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/356

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Աշխարհում ո՛վ չի եղել նեղության մեջ։

ԱԹԱՆԵՍ. Չես իմանում, Նարգիզ, չես իմանում ինչ կրակ կա այստեղ։ (Ցույց է տալիս սիրտը): Ես, Աթանես Ֆռանգուլյանս, այն օրն ընկնեմ, որ իմ ոտքով գնամ գործակատարիս տո՞ւնը։ Նա իսկույն հասկացավ, թե ինչու համար եմ եկել։ Օօ, նա սատանայի միտքն անգամ կարող է հասկանալ: Ամո՜թ, ամո՜թ։ Այն էլ ե՞րբ։ Երեք շաբաթ չանցած այն օրից, երբ հենց այստեղ, այ, այն դռների մոտ (ցույց է տալիս աջ կողմի աոաջին դռները)պարծեցա, թե Աթանես Ֆռանգուլյանը իր կյանքում ուրիշին ձեռք չի մեկնել և չի մեկնիլ: Ա՜խ։ (Թույլ նստում է բազկաթոռներից մեկի վրա և աչքերը հառում է հատակի մի կետին):
ՆԱՐԳԻԶ. Դու նրանից օգնություն չես խնդրել:
ԱԹԱՆԵՍ. Ինքս գնում եմ գործարանս առաջարկելու, օգնություն խնդրել չէ, բաս ի՞նչ է։ Ճշմարիտ է, նա ինձ նեղը չգցեց, մարդավարի վարվեց, գործարանիս կոպեկ տվող չկար։ Բայց հենց այս է, որ ինձ կատաղեցրեց։ Այդ տրեխավորի որդին, որի բերանում մոր կաթն ինձ մոտ է չորացել, որ ամեն բան ինձնից է սովորել, հանկարծ ինձնից խելոք լինի և ինձ հետ ազնի՞վ վարվի։
ՆԱՐԳԻԶ. Ամեն բան քեզանից է սովորել, ուրեմն ազնվությունն էլ:
ԱԹԱՆԵՍ. Բայց նա ինձանից ավելի է ազնիվ, ավելի, այս է, որ չեմ կարող նրան ներել:
ՆԱՐԳԻԶ. Այդ զարմանալի է, այդ ես չեմ հասկանում։
ԱԹԱՆԵՍ. Պետք է իմ տեղը լինես, որ հասկանաս։ Նախանձում եմ ես նրան, լսո՞ւմ ես, նախանձում։ Թող նա հարստանա, ինչքան ուզում է, այդ ոչինչ, միայն թե մարդիկ չասեն, որ նա ինձանից խելոք է և ինձանից ազնիվ... Նարգիզ, հիմա կարող եմ խոստովանել։ Լսիր, եթե ես ժամանակին նրա խորուրդները լսած լինեի,այս օրին չէի հասնիլ: Բայց հենց իմանալով, որ նա ինձ խելոք խորհուրդներ է տալիս, հակառակն էի անում,հակառակը: Ես մտածում էի, թող կորցնեմ ամեն բան: