ՕՎՍԱՆՆԱ. Ուրիշ ի՞նչ կարող է լինել։
ԺՈՐԺ. Բայց ա՞յդ է միայն պատճառը, թե՞ կա և ուրիշ բան։
ՕՎՍԱՆՆԱ. Ուրիշ ի՞նչ կարող է լինել։
ԺՈՐԺ. Չգիտեմ, այսօր լսեցի, որ իբր թե նրա գործերը վատ են։
ՕՎՍԱՆՆԱ. (Ձեռները Ժորժից խլելով): Ահ, նրա գործերն ինձ չեն հետաքրքրում։
ԺՈՐԺ. (Մտազբաղ, ոտքի կանգնելով): Այդպես չէ, Օվսաննա, այդպես չէ։ Ինձ հետաքրքրում են։
ՕՎՍԱՆՆԱ. Խոսիր իր հետ, ինչ վերաբերվում է ինձ, ես չեմ հանգստանա, մինչև որ իմ հարցի պատասխանը չստանամ։
ԺՈՐԺ. (Անհամբեր): Ահ, դու արդեն չափն անցար։ Ո՞վ է գցել քո սիրտն այդ կասկածն իմ մասին, ո՞վ, ասա՛։
ՕՎՍԱՆՆԱ. Աա, վերջապես, դու այդ հարցը տվեցիր։ Ես վաղուց էի սպասում։ ճանաչո՞ւմ ես Արամազդին։
ԺՈՐԺ. (Հեգնաբար): Ինչպես չճանաչեմ այդ պրիկազչիկ-ասպետին, որ քեզ առաջարկություն է արել։ Նա է կասկածը գցել։
ՕՎՍԱՆՆԱ. Այո։ Ահա նրա խոսքերը, որ շարունակ հնչում են իմ ականջին, «Ժորժ Ադիլբեկյանի մոտիկ անցյալում կա մի փոքրիկ պատմություն, որ ձեզ հայտնի չէ։ Չամուսնանաք նրա հետ, մինչև որ նա չի հայտնիլ ձեզ այդ գաղտնիքը»։
ԺՈՐԺ. (Նախ շփոթում է սաստիկ, ապա արագ զսպում է իրան և ցույց է տալիս բարկություն): Անպիտան, ահա թե ինչպես է ջուրը պղտորել։ Ես նրանից բացատրություն կպահանջեմ։
ՕՎՍԱՆՆԱ. Իմ ուզածն էլ հենց այդ է։
ԺՈՐԺ. Գարշելի՜։ Նախանձից դրդված, այժմ ուղում է ինձ
վրա արատ գցել, այո՞։ Եվ դո՛ւ, Օվսաննա, թույլ ես տվել նրան իմ մասին խոսելու։ Այդ չէի սպասում քեզնից:
ՕՎՍԱՆՆԱ. Երբ նա այդ խոսքերն ասաց, ինձնից թույլտվություն չխնդրեց։ Ասաց և իսկույն հեռացավ։ Ոչնչացրու նրան մի բառով, և ես քեզ կսիրեմ ավելի, քան այժմ...
ԺՈՐԺ. Շատ բարի, ես կաշխատեմ նրան հանդիպել մի որևէ