Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/381

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր վտանգավոր։ Այսօր վճռեցինք տանել նրան Մոսկվա և հանձնել մի բուժարան։ Ուշացնել անկարելի է, պետք է շուտով տանել, և ահա ես եկել եմ քո օգնությունը խնդրելու:


ԱՐԱՄԱԶԴ. Ի՞նչով կարող եմ, արդյոք, օգտակար լինել:

ՍԱՄՎԵԼ. Արամազդ, տասնուհինգ տարի դու եղել ես մեր ընտանիքին ավելի մոտիկ, քան մինչև անգամ ես։ Դու գիտես մեր բոլոր հանգամանքները, ահա ինչու ես գերադասեցի քեզ բոլոր մեր ազգականներից։ Բացի այս, Լևոնը ոչ ոքի այնքան չի հարգում, որքան քեզ։

ԱՐԱՄԱԶԴ. Դու ուզում ես, որ ես նրան ուղեկցեմ մինչև Մոսկվա՞։

ՍԱՄՎԵԼ. Ոչ, այդքանը խնդրելու իրավունք չունիմ։ Ինձ հետ կլինի մի ֆելդշեր, և մենք երկուսով կարող ենք Լևոնին տանել երկաթուղով, դժվարը մինչև կայարանն է։ Ահա այս նեղությունն է, որ խնդրում եմ քեզ հանձն առնել։

ԱՐԱՄԱԶԴ. Շատ բարի։ Ե՞րբ եք գնում։

ՍԱՄՎԵԼ. Վաղը, առավոտյան գնացքով։

ԱՐԱՄԱԶԴ. Առավոտյան գնացքը ճանապարհ է ընկնում ուղիղ ութ ժամին, ես կգամ ձեզ մոտ լուսաբացին։ Ուրի՞շ։ Ես կկամենայի ավելի դժվար մի հանձնարարություն ստանալ Լևոնի վերաբերմամբ։ Ես նրան միշտ սիրել ու հարգել եմ։ Նա շատ զարգացած երիտասարդ է. ես նրանից շատ բան եմ սովորել։

ՍԱՄՎԵԼ. Դժվար հանձնարարություն ե՛ս ունիմ կատարելու, Արամազդ։ (Դուրս է բերում գրպանից մի ծրար և տալիս Արամագդին): Վերցրո՛ւ։

ԱՐԱՄԱԶԴ. (Ծրարն, առնելով): Այս ի՛՛նչ է։

ՍԱՄՎԵԼ. Քույրս տվեց քեզ հանձնելու։

ԱՐԱՄԱԶԴ. (Շտապով բաց է անում ծրարը և նրա միջից դուրս է բերում երկու ուրիշ փոքրիկ ծրարներ: Հիսաթափված): Իմ նամակները, օրիորդ Օվսաննային գրած։ (Նայում է մեծ ծրարի մեջ): Եվ ոչ մի տոմսակ, ոչ մի բացատրություն։ (Ծրարները ձգում է սեղանի վրա և ոտքի է կանգնում): Ահ, Սամվել, այդքան վիրավորանք ես քո քրոջից չէի սպասում։