Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/394

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՕՎՍԱՆՆԱ. Այո, մայրիկ, եթե ես իմ սիրտը նվիրեցի առաջին պատահածին, մեղավորը դուք եք և միայն դուք։ Ես այս չէի ուզում ասել, բայց որ երեսովս տվեցիր իմ ակամա սխալը, այժմ լսիր։ Դուք ինձ շրջապատեցիք ձեր շողոքորթ, հացկատակ ազգականներով և կազմեցիք իմ շուրջը մի անմատչելի պատնեշ։ Ի՞նչ է եղել իմ կյանքն այս տանը. գնա ուսումնարան, եկ տուն, երբ դասերից ազատ ես, կպիր մորդ փեշերին և գնա այցելիր ծնողներիդ ազգականներին։ Նստիր ժամերով տգետ ընտանիքների մեջ, լսիր նրանց հիմար զրույցները, գարշելի բամբասանքները, շատ անգամ կեղտոտ սրախոոսությունները։

ՍԱՄՎԵԼ. (Մեկուսի): Ճիշտ է, բոլորովին ճիշտ․․․
ՕՎՍԱՆՆԱ. Ես չունեի իրավունք մինչև անգամ իմ համակրած ընկերուհիների հետ ծանոթություն անելու։ Հարստի աղջիկ էի, ինչպե՞ս կարող էի աղքատներին ընկերանալ։ Եվ այսպես, բռնության ճանկերում սնված, հանկարծ պատահեցի մի երիտասարդի, որ, չգիտեմ ինչպես, անցել էր ինձ շրջապատող պարիսպը։ Ես չունեի շրջան ընտրություն անելու, չէի ճանաչել ոչ մի ուրիշ երիտասարդ, բացի ծեր ազգականներից։ Այն ինչ, նեխված ճահճի մեջ ապրելով հանդերձ, ես ունեի սիրելի ընդունակ սիրտ և սիրելու ջերմ փափագ։ Եվ ահա հափշաակվեցի առաջին պատահածով։
ՍԱՄՎԵԼ․ Եվ այն միակ ծաղիկը քո ճանապարհի վրա դուրս եկավ ապականված ու թունավոր։ Մայրիկ, Օվսաննան իրավացի է։
ՆԱՐԳԻԶ. Թող ասի, ինչ անեմ, թող նա էլ իմ գլխին թափի իր սրտի մաղձը, ինչպես քո անբախտ եղբայրը։
ՕՎԱԱՆՆԱ. Ահ, մայրիկ, ես չեմ ուզում կրկնել Լևոնի ասածները, բայց մի ցնորվածի բերանով ինքը ճշմարտությունն է խոսում։ Ի՞նչ է եղել նրա պատանեկությունը։ Մինչ քսան տարեկան հասակը դուք նրան պահեցիք խանձարուրի մեջ, հետո գրպանը լցրիք ոսկով և ուղարկեցիք մայրաքաղաք։ Եվ ահա մի նավակ, որ սովոր չէր ափերի մոտ լողալու, հանկարծ ընկավ հորձանքի մեջ և... խորտակվեց։ Իսկ սա՞։ (Ցույց է տալիս Սամվելին): Սա՞ ինչ է։ Հայրիկը