Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/395

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կամեցավ սրան անպատճառ վաճառական դարձնել։ Ինչպես չէ, պետք է Ֆռանգուլյան առևտրական տան հռչակավոր անունը շարունակել։ Գիմնազիան ավարտած-չավարտած իր երկաթե ձեռը գրեց պատանու վրա ու ասաց. «դու իմն ես, դու չես հեռանալ ինձանից»։ Բայց Սամվելը նրանը չէր, մայրիկ, և ոչ քոնը։ (Շարունակում է անցուդարձ անել):

ՍԱՄՎԵԼ. (Հափշտակված): Ճիշտ է մայրիկ, ճիշտ է։ Օվսաննան խոսում է իմ սրտի խորքից։ Վաճառականությունը իմ հոգուն այնքան էր խորթ, որքան հայրիկի հոգուն Բեթհովենի սոնատը։ Ես փախչում էի նրանից, ինչպես ժանտախտից։ Ես փախչում էի և՛ քո ծայրահեղ սիրուց ու խնամքից, ինչպես շղթաներից։ Ի՜նչ արած, ինձ թվում էր, որ ես օժտված եմ երաժշտական ձիրքով և իմ ամբողջ էությամբ փափագում էի նրանց ծառայել։ Կարելի է, սխալվում էի, բայց դուք չհասկացաք իմ հոգին — այս է ցավալին։ Այժմ ի՞նչ եմ ես։— Բարոյական մի անդամալույծ, որին շատ-շատ տեղ կտան մի գավառական օրկեստրում, և կդառնամ մինը հազարավոր պրոլետարներից։ Շնորհակալ եմ, Օվսաննա, շնորհակալ եմ, դու ասացիր այն, ինչ որ վաղուց եռում էր իմ սրտում․․․
ՆԱՐԳԻԶ․ (Մերթ ընկճվել է, մերթ գրգռվել և իրան զսպել: Այժմ գրգռված)։ Բավական է, բավական է, համբերությունն էլ չափ ու սահման ունի։ (Բաց է անում մյուս լուսամուտի վարագույրը և լամպը հանգցնում է):


(Բեմի լուսավորությունն ավելանում է):


ՕՎՍԱՆՆԱ. Այդ է, այդ է, մայրիկ, ձեր համբերությունը հատնում է ճիշտ այն պահին, երբ լսում եք ճշմարտության առաջին ձայնը։

ՆԱՐԳԻԶ․ (Բարկացած): Լռի՛ր, լռի՛ր, ասում եմ... և եթե խելք ունիս, մեր դրության մասին մտածիր։ Ահ, աստված իմ, ինչո՞ւ այսքան անբախտություն։ (Գնում է խորքի դռներով):

Նախասենյակում զանգ