Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/396

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՆՈՒՆՈՒՖԱՐ. (Գալիս է խորքի դռներով և շտապով գնում է աջ կողմի երկրորդ դռներով): ՍԱՄՎԵԼ.

ՕՎՍԱՆՆԱ. Թող ինձ մենակ, Սամվել։ Ես ուզում եմ նրա հետ խոսել․․․
ՍԱՄՎԵԼ. Լսի՛ր․ ոչ մի զոհաբերություն, հասկանո՞ւմ ես, ավելի լավ է աղքատ լինենք, քան քո զգացմունքների գնով ապահով։ (Գնում է խորքի դռներով):


ՏԵՍԻԼ 5
ՕՎՍԱՆՆԱ և ԱՐԱՄԱԶԴ


ԱՐԱՄԱԶԴ. (Գալիս է աջ կողմի երկրորդ դռներով: Տեսնելով Օվսաննային, մի փոքր շփոթվում է և իսկույն իշխում իրան: Սովորական եղանակով): Բարի լույս, օրիորդ։
ՕՎՍԱՆՆԱ. Բարի լույս։
(Ձեռք չեն տալիս իրարու):
ԱՐԱՄԱԶԴ. Երևի, Սամվելն իր սենյակումն է։ (Դիմում է դեպի խորքի դռները):
ՕՎՍԱՆՆԱ. Մի րոպե։
ԱՐԱՄԱԶԴ. (Կանգ է առնում):
ՕՎՍԱՆՆԱ. Ինչո՞ւ համար եք եկել։
ԱՐԱՄԱԶԴ. Լևոնի համար։
ՕՎՍԱՆՆԱ. Գիտեմ։ Ես կամենում եմ իմանալ, ի՞նչն է ձեզ ստիպում այդպես հոգալ մեր մասին։
ԱՐԱՄԱԶԴ. Երախտագիտությունը դեպի ձեր ծնողները։
ՆՈՒՆՈՒՖԱՐ. (Գալիս է աջ կողմի երկրորդ դռներով և շտապով գնում է խորքի դռներով):
ՕՎՍԱՆՆԱ. Եվ այն նամակները ուղարկել եք ինձ այդ զգացումներից դրդվա՞ծ։
ԱՐԱՄԱԶԴ. Ոչ-լիովին։
ՕՎՍԱՆՆԱ. Ուրե՞մն։
ԱՐԱՄԱԶԴ. Օրիորդ, եթե կամենում եք, մի անգամ ևս փորձեք իմ հանդգնությունը, համեցեք։ Ես ուզում էի իմ ուժերի չափ օգնել ձեր հորը գլխավորապես... ձեզ համար։
ՕՎՍԱՆՆԱ. Այսինքն, ուզում էիք ինձ կաշառել, այո՞։