Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/399

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՕՎՍԱՆՆԱ. Մի վայրկյան։ Դուք ձեր նամակներում, ի միջի այլոց, խոստանում եք օգնել և՛ Սամվելին, այո՞։

ԱՐԱՄԱԶԴ․ Այո։ Ես խոստանում եմ օգնել նրան իր երաժշտական կրթությունը շարունակելու այնքան ժամանակ, որքան կամենում է։
ՕՎՍԱՆՆԱ. Եվ այժմ, իհարկե, իմ վարմունքի պատճառով, Սամվելը պիտի զրկվի ձեր օգնությունից, այո՞։
ԱՐԱՄԱԶԴ. (Դրական)։ Ամենևին։
ՕՎՍԱՆՆԱ․ (Զարմացած): Ինչպե՞ս, դուք դեռ...
ԱՐԱՄԱԶԴ. Ես պիտի կատարեմ իմ բոլոր խոստումները, որ արել եմ այդ նամակներում։
ՕՎՍԱՆՆԱ. (Ավելի ազդված): Բոլո՞րը։
ԱՐԱՄԱԶԴ. Բոլորը։
ՕՎՍԱՆՆԱ. Առանց որևէ ակնկալության։
ԱՐԱՄԱԶԴ. Առանց որևէ ակնկալության և նույնիսկ հակառակ ձեր կամքի։
ՕՎՍԱՆՆԱ. (Խորը զգացված, ձեռը սեղմում է սրտին): Ա՞հ, (Մի ձեռը հենում է բազկաթոռի մեջքին):
ԱՐԱՄԱԶԴ. (Վախեցած, մի քայլ մոտենում է Օվսաննային): Ի՞նչ պատահեց։
ՕՎՍԱՆՆԱ. Ոչինչ, ոչինչ, սրտի բաբախում... (Լռություն: Ներքին մաքառում): Ներեցեք... Ես ձեզ վիրավորել եմ անտեղի։ Տվեք ինձ ձեր ձեռը... Ես սխալված եմ եղել... (Ձեռը մեկնելով):
ԱՐԱՄԱԶԴ. (Ուրախ, ազդված, արագ մոտենում և սեղմում է
Օվսաննայի թույլ մեկնած ձեռը): Ուրեմն, դուք ինձ չեք արհամարհում, այո՞, ուրեմն, ես...
ՕՎՍԱՆՆԱ. Գնացեք, Սամվելը ձեզ սպասում է, կարող եք ուշանալ...
ԱՐԱՄԱԶԴ. (Ուրախությունից շփոթված, կարմրած, գնում է խորքի դռներով):
ՕՎՍԱՆՆԱ. (Նստում է առաջին պատահած աթոռի վրա և մտածում):