Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԳԱՐԵԳԻՆ. Մի՛ խրոխտանաք․ ձեր առաջ կանգնած է մի չափահաս մարդ, որ պատրաստ է իր անձը զոհել յուր միակ քրոջ պատիվը և կյանքը փրկելու համար։ (Մեկուսի) Աստվա՜ծ իմ, ես խոստացա սառնարյուն լինել, բայց չեմ կարողանում։

ՄԻՔԱՅԵԼ. Ուրեմն դուք ինձ սպառնալի՞ք եք կարդում։ Իզուր, ես նրանցից չեմ վախենում։ Բարեհաճեցեք կանչել այստեղ Հեղինեին։
ԳԱՐԵԳԻՆ. Ասացի, որ նա չի կարող գալ։
ՄԻՔԱՅԵԼ. Նա պետք է իսկույն տուն վերադառնա։ Ես նրա ամուսինն եմ, այդպես եմ պահանջում։
ԳԱՐԵԳԻՆ. Իրավունք ունեք, որովհետև դուք դեռ չեք տվել նրա պատվին ձեր վերջին հարվածը։
ՄԻՔԱՅԵԼ. Բավական է, պարո՛ն, որքան երեսիս շպրտեցիր այդ պատիվ ասած բառը։ Մի՛ մոռանաք, որ տալով ձեր քրոջը իշխանուհու կոչումը, ես ոչ միայն նրա մեջ պատվի զգացումը ավելի բարձրացրել եմ, այլև ձեր ամբողջ ընտանիքի անունը, անհայտությունից դուրս բերելով, օրինավոր մարդկանց շրջան եմ մտցրել։
ԳԱՐԵԳԻՆ. Սակայն այն պայմանով, որ նույն այդ շրջանում մեր անհայտ եղած անունը ցեխի հետ հավասարեք։ Այո, դուք շատ վեհանձն եք եղել, այդ ցույց է տալիս ձեր վարմունքը։ Հավատացեք, պարո՛ն, ես կգերադասեի իմ քրոջը տեսնել երեսի քրտինքով յուր օրվա պարենը վաստակող մի համեստ մարդու կին, քան թե անգամ մի գերդաստանի, որ, բացի դատարկ իշխանական տիտղոսից, ոչինչ չի պարունակում։
ՄԻՔԱՅԵԼ. Ցավում եմ միայն, որ ուշ եք ծնվել։ Երեսի քրտինքով հաց աշխատելու գաղափարը կարող էր պիտանի լինել ձեր հանգուցյալ հորը։ Այն մարդուն, որ միշտ ծարավ է եղել խեղճերի քրտինքին։ Շարունակե՞մ արդյոք։
ԳԱՐԵԳԻՆ. (Մեկուսի) Հ՛այր իմ, ահա քո արարքի վարձը, ես զինաթափ եմ լինում նույնիսկ այդ մարդու առաջ։ (Բարձր) Մի՛ շոշափեք իմ հոր գերեզմանը։ Նա ինքն է միայն պատասխանատու յուր կյանքի համար։ Ասացեք ի՞նչ եք կամենում։