Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԳԱՐԵԳԻՆ. Դու գնա մյուս սենյակը, ես կընդունեմ։ Մայրի՛կ, դու էլ գնա։

ՀՈՌՈՄ. Որդի՛, գույնդ փոխվեց, աչքերդ վառվեցին, ես վախենում եմ։
ՀԵՂԻՆԵ. Գարեգի՛ն, թող մնամ այստեղ, դու չես կարող քեզ զսպել։
ԳԱՐԵԳԻՆ. Գնացե՛ք, խնդրում եմ, ես կաշխատեմ պաղարյուն լինել։ (Հեղինեն քայլերը ուղղում է դեպի ձախ կողմի դռները: Այդ միջոցին միջին դռների մեջ երևում է Միքայելը):
ՄԻՔԱՅԵԼ. (Առաջ դիմելով) Հեղինե՛։ (Հեղինեն ձեռով բացասական նշան է անում և անցնում մյուս սենյակ):

ՏԵՍԻԼ Ե.


ԳԱՐԵԳԻՆ և ՄԻՔԱՅԵԼ


ՄԻՔԱՅԵԼ. Ի՞նչ է նշանակում այդ։ Խնդրեմ, կանչեք այստեղ իմ կնոջը։
ԳԱՐԵԳԻՆ. Նա չի կարող գալ։
ՄԻՔԱՅԵԼ. Ինչո՞ւ։
ԳԱՐԵԳԻՆ. Որովհետև չի կամենում։
ՄԻՔԱՅԵԼ. Պատճա՞ռը։
ԳԱՐԵԳԻՆ․ Պատճառը ձեզ է հայտնի։
ՄԻՔԱՅԵԼ. Ես ոչինչ չգիտեմ։
ԳԱՐԵԳԻՆ. Դուք ամեն բան գիտեք և ամեն բան անում եք, որպեսզի թշվառացնեք մի կնոջ, որ նվիրել է ձեզ յուր սերը, անձը և պատիվը։
ՄԻՔԱՅԵԼ. Գեղեցի՜կ ընդունելություն, արժանի համալսարանական կրթություն ստացած մի երխտասարդի։ Ես գալիս եմ իմ ամուսնու հետ հաշտվելու, իմ առաջ դուրս է գալիս մի երրորդ անձն ու ինձ վիրավորական հանդիմանություն անում։ Ասացե՛ք, ի՞նչ իրավունքով։
ԳԱՐԵԳԻՆ. Այն իրավունքով, որ տալիս է ինձ, ձեր ամուսնու եղբորը, նրա տարաբախտ կյանքը։
ՄԻՔԱՅԵԼ. Պարո՛ն։