Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/414

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հետո փափուկ անկողինն ինձ համար նեկտար էր։ Հապա, պատմեցեք ձեր կյանքից։ Երեկ ժամանակ չունեցանք երկար խոսելու։ (Առնում է մորից լիք բաժակը և դնում իր առջև


ՆԱԶԱՆԻ. (Սիրով նայել է Արտաշեսին): Բոյիդ ղուրբան, կթողնե՞ս, որ օթախդ սրբեմ։

ԱՐՏԱՇԵՍ-. (Ետ նայելով): Օօ, Նազանի, բարի լույս, բարի լույս։ (Վեր է կենում Նազանու ձեռը սեղմում և ետ է գալիս): Ինչպե՞ս ես, լա՞վ ես։

ՆԱԶԱՆԻ-․ (Շփոթված և զգացված): Աստված քեզ կյանք տա, աղա։

ԱՐՏԱՇԵՍ-. Աղա՜։ Չէ՛, Նազանի այդ չեղավ, ինձ ուղղակի անվանիր Արտաշես։ Ավելը թող այնտեղ, եկ նստիր։ Ուզում եմ քեզ հետ մի քիչ զրույց անել․ ես ինքս իմ սենյակը կսրբեմ։

ԿԱՏԱՐԻՆԵ. (Սաստիկ զարմացած Արտաշեսի վարմունքից)։ Ինչպե՜ս թե դու կսրբե՛ս։ Գնա, Նազանի, գնա բանիդ։

ՆԱԶԱՆԻ-․ (Տակավին շփոթված): Խի՞ պիտի դու սրբե՛ս, Նազանու ձեռները չորացե՞լ են։ (Գնում է ձախ կողմի դռներով):

ԿԱՏԱՐԻՆԵ-. Մի՞թե կարելի է ծառայի հետ այդպես վարվիլ։

ԱՐՏԱՇԵՍ-. Ինչո՞ւ չի կարելի։ (Թեյ է խմում):

ԿԱՏԱՐԻՆԵ-. Նա քո ընկե՞րն է, թե հավասարը։ Մեղր ու կարագ կեր։

ԱՐՏԱՇԵՍ-. Ինձ համար բոլոր մարդիկ հավասար են։ Դեհ, Անահիտ, ասա է, ի՞նչ ես լռե։ Դու հիանալի նամակներ էիր գրում ինձ։ Զարմանալի գիտես դեպքերը հանգամանորեն նկարագրել։ Ես քո մի քանի նամակներից կազմել եմ թղթակցություններ մայրաքաղաքի լրագիրների համար։ Վաթսուն ռուբլի վարձ եմ ստացել, կեսը քեզ է պատկանում։ (Հաց ու պանիր է ուտում):

ԿԱՏԱՐԻՆԵ-. Ի՞նչ, դու է՞լ ես գրում լրագրներում։ (Վերցնում է Արտաշեսի բաժակը և նորից լցնում):

ԱՐՏԱՇԵՍ-. Երբեմն։

ԿԱՏԱՐԻՆԵ-. Մի՛ արա, որդի, գրելուց խեր չկա։ Հայրդ ի՞նչ շահեց, որ դու ի՞նչ շահիս։ (Բաժակը դնում է