Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/425

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԿԱՏԱՐԻՆԵ. Բայց մի՞թե չես կամենալ տեսնել հորդ բարեկամին։

ԱՐՏԱՇԵՍ. Այդ իմ բարոյական պարտքն է։ Ես միշտ հարգել եմ պարոն Ալվանդյանին։ (Հրավիրելով Ֆլորային նստել, շարունակում է նրա հետ խոսել ցածր):
ՍԵՆԵՔԵՐԻՄ. Ալեքսանդրին պիտի միշտ հարգել. նա ազգասեր հայ է։
ԱՆԱՀԻՏ. (Վերադառնում է խորքի դռներից հուզված և մոտենալով շշնջում է Սենեքերիմի ականջին):
ՍԵՆԵՔԵՐԻՄ. (Վախեցած): Մի՞թե։ (Արագ քայլերով գնում է խորքի դռներով):
ԿԱՏԱՐԻՆԵ. (Տեսնելով, որ Արտաշեսը սիրալիր խոսակցում է Ֆլորայի հետ, ուրախացել է): Անահիտ, համոզիր Ֆլրային, որ ճաշի մնա։ (Ինչ-որ վերցնում է պահարանից, գնում խորքի դռներով և դարձյալ ետ է գալիս):
ՖԼՈՐԱ. (Ոգևորված): Մի՞տդ է, Անահիտ, ինչպես մի երեկո Արտաշեսը մեզ վախեցրեց։ Նա յուր սենյակում դասեր էր պատրաստում, մենք այստեղ թեյ էինք խմում։ Հանկարծ լսեցինք նրա գոռոցը. «Վրե՞ժ, վրեժ պետք է առնել այդ գազաններիցս։ Մենք վազեցինք նրա սենյակը և ի՜նչ տեսնենք։
ԱՆԱՀԻՏ. Գլուխը սեղանի վրա դրած, հեկեկում է։
ԱՐՏԱՇԵՍ. (Մռայլ): Հիշում եմ ես այդ երեկոն։ Դա այն գազան գավառապետ Դուրազովի պատմությունն էր, որ կարդացի ընկերոջս նամակում, և ինձ վրա ազդեց այնպես։ Նա մի գյուղի բնակիչներին ամբողջ օրը պահել էր անձրևի տակ չոքած և հետո ծեծելով սպանել էր երկու ծեր գյուղացիների։
ԿԱՏԱՐԻՆԵ. Այդ տեսակ բաները երեխայությունից ազդում էին քեզ վրա։
ՍԵՆԵՔԵՐԻՄ. (Ետ է գալիս խորքի դռնից նկատելի շփոթված): Արտաշես, այստեղ եկ։
ԱՐՏԱՇԵՍ. (Մոտենում է հորը):
ՍԵՆԵՔԵՐԻՄ. (Շշնջյունով ինչ-որ ասում է Արտաշեսին):
ԿԱՏԱՐԻՆԵ. (Զբաղեցնում է Ֆլորային): Ի՞նչպես ես հավանում
Արտաշեսին։