ԱՆԱՀԻՏ. (Հեռվից «անհանգիստ նայելով հորն ու եղբորը): Մայրիկ, զգո՜ւյշ։
ՍԵՆԵՔԵՐԻՄ. (Ցածր ձայնով): Այդ ի՞նչ է նշանակում։
ԱՐՏԱՇԵՍ. Ինչի՞ մասին էին հարցնում։
ՍԵՆԵՔԵՐԻՄ. Ո՞րտեղից ես եկել. ե՞րբ, քանի՞ ժամանակ պիտի մնաս։
ԱՐՏԱՇԵՍ. Դատարկ բան է, մի անհանգստանար․ սովարական ոստիկանական հարց ու փորձ է․․․ (Նորից մոտենում է Ֆլորային):
ԿԱՏԱՐԻՆԵ. Արտաշես, ճշմարիտ չէ՞, որ Ֆլորան շատ է փոխվել։ Մտիկ արա, դու այսպիսի սիրուններ շա՞տ ես տեսել քո Ռուսաստանում։
ՖԼՈՐԱ. (Կարմրելով): Տիկին Կատարինե, եթե այդպես խոսեք, ես այլևս ձեր տուն չեմ գալ։ (Վեր է կենում):
ՍԵՆԵՔԵՐԻՄ. (Կատաղած): Կին, զգույշ խոսիր։
ԱՐՏԱՇԵՍ. (Լուրջ և խիստ): Մայրիկ, ես քեզ արգելում եմ այդ տեսակ խոսակցություն իմ ներկայությամբ։ Նստեցե՛ք, օրիորդ, այդ մի անզգույշ դարձված էր։
ԿԱՏԱՐԻՆԵ. (Վշտացած և ամաչելով): Դե լավ, ի՞նչ ասացի, որ ամեն կողքից հարձակվում եք վրես։ Դուք խոմ օտարներ չեք, մանկությունից եք ճանաչում միմյանց։
ԱՆԱՀԻՏ. Ահ, կարծեմ գալիս են։ (Շտապով գնում է խորքի դռնով)։
ՏԵՍԻԼ 7
ՆՈՒՅՆՔ, ՏԻԳՐԱՆ, ՀՐԱՆՏ և ՆՈՅԵՄԶԱՐ
ՏԻԳՐԱՆ. (Հեզ դեմքով, համեստ ձևերով երիտասարդ է, մաքուր հագնված)։ Բարով ձեզ։ (Արտաշեսին ձեռ է տալիս, մյուսներին քաղաքավարի գլուխ տալով):
ՀՐԱՆՏ. (Բավական երկայն խճճված մազերով, նեղ ճակատով, լայն կզակով և խորն ընկած վառ, անհանգիստ աչքերով երիտասարդ է: Հագնված է շատ անփույթ: Անփույթ են և նրա ձևերը, երբեմն նույնիսկ կոպիտ): Ողջույն, ընկեր։ (Ամուր թափով սեղմում է Արտաշեսի ձեռքը և հազիվ ուշադրություն դարձնում մյուսների վրա):