Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/431

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՏԻԳՐԱՆ-. (Ուժգին քաշելով Հրանտի թևը): Լռելո՞ւ ես, վերջապես, թե՞ չէ։


ԱՐՏԱՇԵՍ-. (Մի անկյունից անհանգիստ դիտում է):

ՍԵՆԵՔԵՐԻՄ-. Ահա թե ինչ, ուրեմն դուք...

ՀՐԱՆՏ-. Մենք այդ բոլորը պիտի գցենք պատմության արխիվը և փոխարենը մեր պատերին պիտի կախենք աշխատավորի պատկերն՝ իր կոշտ ձեռներով և խորշոմած ճակատով։

ՆՈՅԵՄԶԱՐ-. (Անհանգիստ): Հրանտ։ Այդպես չի կարելի։

ՀՐԱՆՏ-. (Խիստ եղանակով): Հապա ի՞նչպես, երկար տարիներ մարդիկ մոլորեցրել են ժողովրդին, պահել են խավարի մեջ, մի՞թե բավական չէ։

ՍԵՆԵՔԵՐԻՄ-. Լսո՞ւմ եք, երիտասարդներ և օրիորդներ։ Լսո՞ւմ ես, Արտաշես։ Այդ տղան քո ընկերը չէ, սխալմամբ է մտել այստեղ։ Ո՞վ է մոլորեցրել, պարոն, ո՞վ...

ՀՐԱՆՏ-. Բոլոր այդ երևելիները, մեր պապերը, հայրերը, դուք, սերնդե սերունդ, համառ մոլեռանդությամբ։

ՍԵՆԵՔՐԵՐԻՄ-. Անահի՛տ, այդ ի՞նչ է ասում։

ԱՆԱՀԻՏ-. (Մոտենալով նորը): Հայրիկ, մի՛ վրդովվիր։

ԿԱՏԱՐԻՆԵ-. (Շփոթված): Այդ մարդը հյուրերին պատվել չգիտե։ Մի՛շտ վեճ։ (Գնում է խորքի դռներով):

ՆՈՅԵՄԶԱՐ-. (Մոտեցել է Արտաշեսին): Ես ցավում եմ, որ այդ կոպիտին հետս բերեցի։

ՖԼՈՐԱ-. (Շփոթված դիտում է մերթ մեկին, մերթ մյուսին):

ՍԵՆԵՔԵՐԻՄ-. (ճակատը շփելով): Այդպես չի կարող լինել։ Այստեղ մի թյուրիմացություն կա։ Մի՞տքս է թուլացել, թե՞ ականջներս լավ չեն լսում։ Բայց նա պարզ խոսեց, համարձակ, աներկյուղ։

ԿԱՏԱՐԻՆԵ-. (Ետ է գալիս խորքի դռներով): Ճաշը պատրաստ է։

ԱՆԱՀԻՏ-. Խնդրեմ, նստեցեք, պարոններ։ (Նոյեմզարին): Խնդրեմ, օրիորդ։

ՖԼՈՐԱ-. Ինձ ներեցեք։ Ցտեսություն։ (Գլուխ է տալիս և գնում է խորքի դռներով, մերժելով Կատարինեի թախանձանքը, որ դռների մոտ մի անգամ ևս աշխատում է նրան համոզել ճաշի մնալու):