Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/443

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՐՏԱՇԵՍ. Այստեղ մի ամբողջ հարստություն կա. լա՛վ մտածեցեք։

ՖԼՈՐԱ. Ես բոլորը մտածել եմ և այնպես վճռել. վեըցրե՛ք։
ԱՐՏԱՇԵՍ. Ո՛չ, ես չեմ կարող ընղունել մի այդպիսի նվեր։ (Դնում է արկղիկը սեղանի վրա):
ՖԼՈՐԱ. Պատճա՞ռը։
ԱՐՏԱՇԵՍ. Դրանք նվիրական բաներ են, կապված ձեր մոր հիշատակի հետ։
ՖԼՈՐԱ. Մի՛ վախենաք, մայրս ինձ չի անիծիլ գերեզմանից, այլ կօրհնի այս զոհաբերության համար։ Նրա սիրտը բարի է և ընդարձակ։
ԱՐՏԱՇԱՍ. Այնուամենայնիվ, չեմ կարող ընդունել այդպիսի թանկագին նվեր, մանավանդ մի հայ օրիորդից, որի համար ծնողների հիշատակը սուրբ է։
ՖԼՈՐԱ. (Դառն հեգնությամբ): Մի՞թե։ Իսկ հայ օրիորդին նախատել կարո՞ղ եք։
ԱՐՏԱՇԵՍ. Ե՞ս։
ՖԼՈՐԱ. (Գրգռվելով): Այո, դուք։ Հիշու՞մ եք ինչ ասացիք հենց առաջին օրը, երբ այստեղ էիք։ Դուք ասացիք, թե հայ աղջիկը շատ հետ է մնացել օտարներից, թե նրա միտքը սահմանափակ է, սիրտը նեղ, զգացումներն աղքատ։ Իսկ ես ո՞վ եմ։ Ոչ միայն մի հայուհի, այլև մի բուրժուայի անհոգ և անմիտ մեծացած աղջիկ։ Փույթ չէ, թող ձեր ասածը լինի, միայն թե ցանկալի կլիներ, որ դուք, նախքան դատավճիռ տալը, մի փոքր ուսումնասիրեիք մեր սիրտը։ Ով գիտե, գուցե ավելի բան գտնեիք այնտեղ, քան կարծում եք։ Հիշու՞մ եք այնօրվա ձեր պատմածները։
ԱՐՏԱՇԵՍ. Ինչի՞ մասին։
ՖԼՈՐԱ. Մարդկային անհուն վշտերի, հարյուրավոր ուսանողների կրած տառապանքների, հալածանքի, բանտի, աքսորի, կախաղանի։ Երբ դուք, այնպես հափշտակված, նկարագրում էիք այդ բոլորը, ես մտածում էի իմ անհոգ կյանքի մասին։ Եվ թվաց ինձ, որ ես մի չնչին արարած եմ, արհամարհանքի արժանի։ Ես չգիտեի ամոթից ու խղճի տանջանքից ինչպես նայեմ ձեր երեսին։