ՆՈՅԵՄԶԱՐ․ Ինչո՞ւ վախեցար։ Դու տատանվո՞ւմ ես։
ԱՐՏԱՇԵՍ․ Ոչ։ Բայց ես կկամենայի մի քանի օր էլ մնալ։
ՆՈՅԵՄԶԱՐ․ Ի՞նչ գործ ունիս այստեղ։ Ծնողներիդ հետ տեսնվեցիր, փող բավական ժողոված է։ Պետք է գնալ։
ԱՐՏԱՇԵՍ․ (Վախեցած): Ի՞նչ ես ուզում ասել։
նՈՅԵՄԶԱՐ․ Ես ասել եմ քո մասին։ Եղել են քեզնից ավելի զորավոր մարդիկ, որոնք չեն դիմացել ոսկեզօծ կահ-կարիսիքի փայլին և փարթամ ծաղիկների բուրմունքին։ Հեռանանք, հեռանանք շուտով...
ԱՐՏԱՇԵՍ․ Լավ, կհեռանանք, տեղը չէ այդ մասին խոսելու։
ՆՈՅԵՄԶԱՐ․ Ես էլ գիտեմ, որ տեղը չէ։ Ուրեմն գնանք, իսկույն ևեթ։ (Բռնում է Արտաշեսի ձեռը)։ Ես սկսում եմ կասկածել քո մասին։ Դու պետք է իսկույն ևեթ դուրս գաս ինձ հետ այստեղից։ Լսո՞ւմ ես... Արտաշես։ Ես․․․ ես․․․ խնդրում եմ․․․ (Ավելի ամուր սեղմելով ձեռը): Գնանք, դու կարող ես այստեղ կործանվել․․․
ՏԵՍԻԼ 7
ՆՈՒՅՆՔ և դարձյալ ՖԼՈՐԱ
ՖԼՈՐԱ․ (Ետ է գալիս խորքի ձախ դռներից}: Ահա, օրիորդ։ (Տեսնում է Նոյեմզարին Արտաշեսի ձեռն ամուր բռնած, ցնցվում է, գունատվում և անշարժ մնում): Լռություն:
ԱՐՏԱՇԵՍ․ (Ձեռը խլում է Նոյեմզարից և ետ կանգնում):
ՆՈՅԵՄԶԱՐ․ (Նույնպես շփոթվում է):
ՖԼՈՐԱ․ (Ուշքը ժողվելով): Ահա, օրիորդ, գլխացավի դեմ։ (Տալիս է մի սրվակ): Մի փոքր քսեցեք ձեր ճակատին, կանցնի։
ՆՈՅԵՄԶԱՐ․ (Առնում է սրվակը և հեղուկը մատներով քսում քունքերին): Ա՜հ, շնորհակալ եմ, դուք շատ բարի եք։ (Սրվակը դնում է սեղանի վրա): Շուտով կանցնի։ Եթե չանցնի էլ, փույթ չէ։ Սովոր եմ։ Օրիորդ, թույլ տվեք
կրկին շնորհակալություն հայտնել ձեր նվերի համար և միևնույն ժամանակ, մնացեք բարով․․․