Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/456

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մայրաքաղաքյան լրագիր: Հագնված է այնպես, ինչպես առաջ, միայն վզովը կախված է ճանապարհի պայուսակ և գլխարկին փաթաթած երկայն ընկուզեգույն շղարշ: Մի քանի վայրկյան լուռ կարդալուց հետո, լրագիրը ձգում է գահավորակի վրա և վեր կենում): Այո՛, կռիվն այժմ ուրիշ ուղղություն է ստանում։ Մերոնք պետք է լարեն իրենց բոլոր ուժերը։ Այժմ ամեն ինչ հարկադրում է մեզ շտապել։ Ես հետաքրքրությունից այրվում եմ իմանալու, թե ինչեր են կատարվում այնտեղ, դու չվերջացրի՞ր։

ԱՐՏԱՇԵՍ․ (Մի փոքր ներվային): Մի՛ շտապիր, դեռ երկու ժամ ունինք մինչև գնացքը։ (Դադարում է աշխատել):
ՆՈՅԵՄԶԱՐ․ (Նայելով ժամացույցին): Մի ժամ և քառասուն րոպե։ Իսկ ես վաղուց եմ պատրաստ։ Մնում է մի անգամ էլ տեսնվել տեղացիների հետ։ Այսօր, անպատճառ այսօր․ անգործությունն ինձ ձանձրացնում է, բացի այդ, արդեն որսորդները գտել են մեր հետքը...
ԱՐՏԱՇԵՍ․ (Սառը): Երևակայությունդ ամեն տեղ որսորդներ է տեսնում։ (Ծուլորեն դուրս է բերում ճամփարկղը անկողնակալի տակից):
ՆՈՅԵՄԶԱՐ․ Աա՜, երևակայություն չէ, ես հաստատ գիտեմ, որ մեր շատ մեղքերի համար ամենուրեք լրտեսներ են գնացել։ Բայց դու չես վախենում։ Այդ լավ է։ Քո սառնությունն ինձ սիրտ է տալիս։ Այժմ ճանաչում եմ նախկին խելոք և համարձակ Արտաշեսին։ Իսկ ես։ հիմարս, կարծում էի, թե դու արդեն կորար այստեղ․․․ (Նայում է Արտաշեսին սիրալիր հայացքով):
ԱՐՏԱՇԵՍ․ (Գործով զբաղված, չի նկատում Նոյեմզարի հայացքը): Այս էլ այսպես։ Կարծեմ բոլորը կտեղավորվի այս ճամփարկղում։ (Երեսի քրտինքը սրբում է թաշկինակով):
ՆՈՅԵՄԶԱՐ․ Դա մի րոպեական խելագարություն էր, երբ քեզ տեսա այդ աղջկա հետ առանձին։ Երկուսդ էլ հուզված էիք։ Ինձ թվաց, որ դու արդեն կորցրել ես քո ազատությունն և դարձել մեկն այն ողորմելիներից, որոնց մենք ճանաչում ենք և արհամարհում։ Անցավ փորձանքը, և դու դարձյալ մերն ես։ Արտաշես, պետք է միանգամայն