դա ոչ միայն ուխտը դրժել է նշանակում, այլև... դավաճանություն։ (Ներվային թափով վերցնում է գլխից գդակը և մի քայլ առաջ է գալիս):
ԱՐՏԱՇԵՍ․ (Հանգիստ): Նախկին ընկեր, եթե դու չլինեիր Արազ Արազյանը, ես գիտեի ինչպես կապել քո բերանը։ Բայց դու այն մոլորվածներից ես, որոնք սիրելի են մեզ համար իրենց անկեղծությամբ, ազնվությամբ և խոր հավատով դեպի իրենց գործը։
ԱՐԱԶ․ Ինչ արժեք ունի այժմ քո սերը կամ համակրանքը։ Ես արհամարհում եմ քո կարծիքը։
ՀՐԱՆՏ. (Քաշվել է մի անկյուն և ամբողջ ժամանակ մերթ հեգնական, մերթ կատաղի հայացքներ է ձգում Արազի վրա): Օհո՜․․․
ԱՐՏԱՇԵՍ. Թող այդպես լինի, բայց հանգստացիր, ես ուխտադրուժ չեմ, մանավանդ — դավաճան։ Ես միայն երեխայության խանձարուրից դուրս եկած մարդ եմ։ Տասնութ տարեկան էի, երբ հափշտակվեցի ձեր շրջանով։ Հայրս էր ձեր գլխավոր ուսուցիչը։ Հեռացա այստեղից, տեսա ուրիշ շրջաններ, ծանոթացա ավելի լուրջ և ավելի բարձր իդեալների հետ — փոխվեցի։ Լավ արի, թե վատ — չգիտեմ, բայց փոխվեցի խելքով, համոզմունքով և սրտիս բոլոր ուժով։
ՀՐԱՆՏ․ Ինչպես և ես․․․
ԱՐՏԱՇԵՍ․ Ասա՛, ի՞նչն է ինձ պակասում այն ժամանակից, արդյոք մաքրությո՞ւնը, անկեղծությո՞ւնը, թե՞ ազնվությունը, թե՞ սերը դեպի հալածվածները և տանջվածները։ Ահա այս մասին միայն կարող է խոսք լինել մեր մեջ։ (Սկսում է անցուդարձ անել):
ՀՐԱՆՏ. Դու այժմ ավելի ազնիվ ես, քան առաջ։
ԱՐԱԶ․ Ես լեզվի մարդ չեմ, որ քեզ հետ երկար վիճաբանեմ։ Մենք էլ ունինք պերճախոս հռետորներ, որոնք լեզվով պետություններ են կործանում ապահով ժողովներում։ Ես արհամարհում եմ նրանց էլ։ Ես մի մեծ և անբախտ գործի հասարակ զինվոր եմ։ Ես գիտեմ միայն մի բան, որ այնտեղ, հեռու երկրում ունինք մի արյունաքամ ժողովուրդ,