ՀՐԱՆՏ. Եվ կնստեիր տանդ, հայրենասիրական վառվռուն երգեր կհորինեիր կամ կգնայիր այնտեղ, երկու քուրդ կսպանեիր, որպեսզի փոխարենը հարյուրավոր հայ կանանց և երեխաների գլուխներ կտրվին։
ԱՐՏԱՇԵՍ. (Մի զսպիչ և կատաղի ճայացքով): Հրա՜նտ, ձայնդ կտրիր։ (Արազին): Այն բոլորը, ինչ որ ասացիր, տեսել եմ և ես...
ԱՐԱԶ. Օտար վայրերում, մեզնից հեռու․․․
ԱՐՏԱՇԵՍ. Թշվառությունը հայրենիք չունի։
ԱՐԱԶ․ Բայց մեր թշվառությունն անսահման է․ անիրա՛վ, քո տեսածները մերը չեն, անիրա՛վ, այդ ամենի համար կան ուրիշ պատերազմներ։ Ինչո՜ւ նրանք չեն թողնում իրենց արյունակիցներին և գալիս մեզ օգնելու, ասա՛, օտարամոլ։
ԱՐՏԱՇԵՍ. (Դառը ծիծաղ): Օտարամո՜լ... Ահա իմ հոր սիրած հայհոյանքը, որ կարծում է մի համոզիչ զենք է իր ձեռքում։ Օտարամոլությունը բոլոր ազգերի թշվառների արդար դատին ծառայելը չէ, ո՛չ, հազար անգամ ո՛չ, այլ սխալ գաղափարներին հետևիլը։ Կրկնում եմ, ես չեմ հավատում ձեր գործին. ի՞նչպես ուրեմն, ծառայեմ նրան առանց հավատի։ Թշվառ, հեռու չէ այն ժամանակը, երբ կպարզվի, թե ում իդեալներն են հիմնված ավելի արդար հիմունքների վրա, մե՞րը, թե՞ ձերը։ Սակայն թողնենք անօգուտ վիճաբանությունը։ Միևնույնն է, ոչ դու կարող ես ինձ դարձի բերել և ոչ ես քեզ։ Ասա, ո՞րտեղ է Դերեկչյանը։
ԱՐԱԶ․ Երկրում։
ԱՐՏԱՇԵՍ. Ո՞րտեղ է Հալլաբյանը։
ԱՐԱԶ․ Բիթլիսի բանտում։
ԱՐՏԱՇԵՍ․ Համազա՞սպը։
ԱՐԱԶ․ Աքսորված է Աքիա։
ԱՐՏԱՇԵՍ․ Ո՞ւր է Գրիգորիսը։
ԱՐԱԶ․ Սպանված է քրդերից։
ՀՐԱՆՏ. (Կծու): Իր եղբայրներից։
ԱՐՏԱՇԵՍ. Իսկ Արմենա՞կը։
ԱՐԱԶ. Դեռ կենդանի է։