Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/465

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՐՏԱՇԵՍ․ Հուսով եմ, որ մեր կատակասեր Մելիքսեթը նո՞ւյնպես։

ԱՐԱԶ․ Կատակով ավանդեց հոգին ձեռքերիս վրա համիդյեի գնդակից։
ՀՐԱՆՏ․ Անօգո՜ւտ զոհեր։
ԱՐՏԱՇեՍ․ (Հետզհետե հուզվում է): Արամայի՞սը։
ԱՐԱԶ․ Կասկածի տակ էր, սպանեցինք։
ՀՐԱՆՏ․ (Կծու): Երևի, առանց կասկածն ստուգելու։
ԱՐՏԱՇԵՍ․ Վերջապես, մեր անվեհեր Դարիա՞լը։
ԱՐԱԶ․ Քրդերն այրեցին նրան։ (Հուզված): Բայց ինչո՞ւ համար ես քրքրում իմ վերքերը․ ո՞վ տվեց քեզ իրավունք։
ԱՐՏԱՇԵՍ․ (Մռայլ եղանակով, դողդոջուն, ձայնով)։ Անձնազոհ ընկերներ իմ պատանեկության, բոլորդ միևնույն անիրագործելի նպատակի համար, միևնույն սխալ ճանապարհի վրա։
ՀՐԱՆՏ․ (Կծու և չարախինդ): Ասում են այսպես կոչված Հայաստանում հայ չի մնացել։
ԱՐԱԶ. (Բռունցքները սեղմելով խեղդված ձայնով): Ասում են, պարոն, ասում են։
ՀՐԱՆՏ․ Ասում են, ձեր շնորհիվ են նրանց ոչնչացրել։
ԱՐԱԶ․ (Գդակը դնում է գլխին, դուրս է բերում դաշույնը պիջակի տակից և, պատյանից հանելով, հարձակվում է Հրանտի վրա): Ես կկտրեմ այդ շան կոկորդը։
ՀՐԱՆՏ․ (Ետ ցատկելով, դուրս է բերում պանթալոնի գրպանից մի ատրճանակ և ուղղում է Արազի կրծքին): Հապա, փորձի՛ր։
ԱՐՏԱՇԵՍ․ (Անմիջապես կանգնում է երկուսի մեջ): Կա՛նգ առեք, հիմարներ։ Դա կռվի դաշտ չէ։ (Թեթև լռութուն: Հրանտին): Միթե դրա համա՞ր են տվել քեզ այդ ատրճանակը։ (Դառնալով Արազյանին): Դիր դաշույնը պատյանը։ Մի՛ կարծիր, թե զենք գործածելը միայն դուք գիտեք։ (Դառնում է երկուսին էլ): Ամոթ ձեզ․ դուք դեռ չեք մոռացել ձեր հին հաշիվները մի աղջկա համար։ Թշվառներ եք դուք երկուսդ էլ։ (Թեթև լռություն): Զենքը միայն բռնակալների դեմ պիտի գործածել։