Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/472

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համեմատեմ մի արատավոր բանի հետ։ Նոյեմզարը մի ազնիվ ընտանիքի աղջիկ է։ Նա իմ գաղափարակիցն է և իմ ամենասիրելի ընկերոջ հարսնացուն։

ԿԱՏԱՐԻՆԵ. Քո ընկերոջ հարսնացուն ինչո՞ւ է քեզ հետ շրջում քաղաքից քաղաք, եթե օրինավոր աղջիկ է։
ԱՐՏԱՇեՍ. Մայրիկ, Նոյեմզարն իմ կինը չէ։ Ես ոչ կերդվեմ և ոչ փաստեր կտամ—ուզում ես հավատա, ուզում ես ոչ: Ուրիշ ասելիք չունիմ։ (Դառնում է, որ շարունակի գործը):
ԿԱՏԱՐԻՆԵ. Սիրուհի՞դ էլ չէ։
ԱՐՏԱՇԵՍ. Ոչ, ոչ, ասում եմ։ Մի վիրավորիր մի որբ, անօգնական և անմեղ աղջկա։ Ասում եմ, նա իմ ամենամտերիմ ընկերոջ հարսնացուն է։ Այն ընկերոջ, որ երկու անգամ ինձ ազատել է մահից...
ԿԱՏԱՐԻՆԵ. (Վախեցած): Մահի՞ց... Ի՞նչ ես ասում դու։
ԱՐՏԱՇԵՍ. Այո՛, գրեթե մահից։ Նա ինձ փրկել է մի անգամ կազակների մտրակից, մի ուրիշ անգամ սվինների հարվածից... բանտում։
ԿԱՏԱՐԻՆԵ. (Ավելի վախեցած): Ի՞նչ ասացիր, բանտո՞ւմ։ Ուրեմն դու բա՞նտ ես նստել։
ԱՐՏԱՇԵՍ. Երեք անգամ։
ԿԱՏԱՐԻՆԵ. Երե՜ք անգամ։ Ինչո՞ւ համար։
ԱՐՏԱՇԵՍ. (Սառն հեգնությամբ): Ո՜վ գիտե։ Համենայն դեպս ոչ գողության և ոչ որևէ խարդախության համար։ Նրանք իրավունք ունեին ինձ ավելի խիստ պատժելու, ես չեմ բողոքում։
ԿԱՏԱՐԻՆԵ. Այդ էր պակասում իմ տանջանքներին։ Բայց ինչո՞ւ մեզ չես գրել։
ԱՐՏԱՇԵՍ. Ինչ կարիք կար ձեզ վշտացնելու։ Ես ամեն միջոց ձեռք էի առել, որ լուրը ձեզ չհասնի։ Մայր, ես եղել եմ և հիվանդանոցում։
ԿԱՏԱՐԻՆԵ. (Ընկճված): Ասա՛, որդի, ասա բոլորը և միանգամից վերջացրու։
ԱՐՏԱՇԵՍ. Չէի ասիլ, եթե դու չխոսեիր Նոյեմզարի մասին։ Ամբողջ մի ամիս ես գտնվել եմ մահու և կյանքի մեջ։ Եվ գիտե՞ս ով է եղել այն միակ անձը, որ գիշեր-ցերեկ հսկել է ինձ ինչպես հարազատ քույր—անքուն, անհանգիստ: