Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/485

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՍԵՆԵՔԵՐԻՄ. Մի՛ թողնիր նրան, Ալեքսանդր, մի՛ թողնիր։ Կապոտիր նրա ոտներն ու ձեռները, գցիր մի մութ սենյակ և ինքդ պահապան կանգնիր դռան մոտ։ Ազատությունն է, որ փչացրել է մեր զավակներին։ Ես այժմ եմ հասկանում։ Ես, որ միշտ ազատություն էի քարոզում։

ԱՐՏԱՇԵՍ. (Սառը): Պարոն Ալվանդյան, ես ձեր աղջկան երբեք չեմ հորդորել յուր հոր տնից հեռանալու։ Հավատո՞ւմ եք իմ խոսքերին։
ԱԼԵՔՍԱՆԴՐ․ Բայց նա հեռանում է, ասում եմ, նա կատակ չի անում։ (Զգացվելով): Նա թողնում է յուր ծերունի հորը վիզը ծռած, անեծքը բերանին։ Ի՞նչ վատություն էի արել ձեզ, որ այս փորձանքը բերեցիք իմ գլխին։ Ինչո՞ւ համար էր հարկավոր այդ։ Մի՞թե չկային ուրիշ ընտանիքներ, ուր քարոզեիք ձեր ցնորքները, ինչո՞ւ ընտրեցիք ձեր հոր ամենահավատարիմ բարեկամի տունը։
ԱՐՏԱՇԵՍ. Դժբախտաբար, ես ժամանակ չունիմ վիճելու։ Ասացե՛ք կարճ ու կտրական, ի՞նչ եք ուզում ինձնից։
ԱԼԵՔՍԱՆԴՐ. Ես պահանջում եմ, որ դուք ինչպես իմ աղջկան շեղել եք ճանապարհից, այնպես էլ ետ բերեք։
ԱՐՏԱՇԵՍ. Այսինքն կամենում եք, որ ես նրան համոզեմ մնալ ձեր տանը, այնպես չէ՞։
ԱԼԵՔՍԱՆԴՐ. Այո։
ԱՐՏԱՇԵՍ. Կարո՞ղ եմ ես այդ անել։
ԱԼԵՔՍԱՆԴՐ. Կարող եք, որովհետև ինչ որ էլ նա ասի, գիտեմ, որ ձեր ետևիցն է գնում։
ԱՐՏԱՇԵՍ․ Շատ բարի, ես կաշխատեմ կատարել ձեր պահանջը։ (Բարձր): Անահի՜տ..․
ԱԼԵՔՍԱՆԴՐ․ Ի՞նչ եք ուզում անել։
ԱՐՏԱՇԵՍ. Խնդրեք, որ ձեր աղջիկը գա այստեղ։
ԱԼԵՔՍԱՆԴՐ. Այդ անկարելի է։
ԱՐՏԱՇԵՍ. Ինչո՞ւ։
ԱԼԵՔՍԱՆԴՐ. Անկարելի է։ Եկեք դուք ինքներդ մեր տուն։
ԱՐՏԱՇԵՍ. (Դրական): Երբե՜ք։ Դուք ձեր տան դռները փակել եք իմ առջև, թողեք, որ նրանք միշտ փակված մնան։
ԱԼԵՔՍԱՆԴՐ. (Տատանվելով): Բայց...