Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/484

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հարձակվել Ալեքսանդրի վրա, բայց իսկույն զսպում է իրան․ թեթև լռություն): Շարունակեցեք․..

ԱԼԵՔՍԱՆԴՐ. Ուրիշ ի՞նչ անուն տամ ձեր վարմունքին։ Դուք նրա երեխայական գլուխը լցրել եք այնպիսի մտքերով, որոնք նրան պիտի կործանեն։ Դուք նրա բարի սիրտը խլել եք յուր հորից և դարձրել սատանան գիտի դեպի ո՞ւր։ Նա թողնում է ինձ մեն-մենակ և հեռանում. ո՞ւր եք տանում նրան, ասացեք։
ՍԵՆԵՔԵՐԻՄ. Թույնը մի անգամ բույն է դրել կազմվածքի մեջ և պետք է արագ-արագ տարածվի։ Ողորմելի՜, անտեր հասարակություն։ (Բռունցքները կատաղի սեղմելով): Ա՜խ, կջախջախեի ոտներիս տակ այն հիդրային, որ կոչվում է սոցիալիզմ...
ԱՐՏԱՇԵՍ. (Սառը): Կկամենայի իմանալ, ձեր աղջիկն ի՞նքն է ասել, թե ես շեղել եմ նրան ճանապահրից։
ԱԼԵՔՍԱՆԴՐ. Միթե նա պիտի ասե՞ր, որ ես իմանայի, թե դժբախտությունը որտեղից է գալիս իմ գլխին։ Այն օրից, որ դուք եկել եք, ես իմ աղջկան չեմ ճանաչում։ Նա առաջ հեզ էր, խոնարհ և աշխատում էր ոչ մի բանով ինձ չվշտացնել։ Ես նրա դեմքի վրա տխրություն չէի տեսնում։ Ուրախ էր, ինչպես մի անհոգ թռչուն։ Իսկ այժմ յուր սենյակից դուրս չի գալիս, միշտ մենակ, մտախոհ, ծածկամիտ։ Նա իմ հարցերին պատասխանում է ակամա։ Նա խոսում է ինչ-որ պարտականությունների մասին և ահա երեք օր է շարունակ կրկնում է. «Հայրիկ, ես պետք է հեռանամ այս քաղաքից»։ Ո՞ւր․ հարցնում եմ։ Ինքն էլ չգիտի ինչ պատասխանե։ Մեկ ասում է, թե ուզում է ճանապարհորդել, մեկ, թե զզվել է յուր այժմյան կյանքից, ուզում է փոխել այն։ Իսկ այսօր պնդում է, թե վճռել է բարձրագույն ուսում ստանալ։ Վերջապես, մի կես Ժամ առաջ ես հուսահատությունից կատաղեցի և կյանքումս առաջին անգամ գոռացի նրա վրա։ Իսկ նա... ամենայն սառնասրտությամբ ասաց. «Բոլորը զուր է, ես այստեղ մնալ չեմ կարող։ Եթե չթողնես գնալ, ես կփախչեմ տնից»։ Եվ այս րոպեիս նա ճանապարհի պատրաստություն է տեսնում։