Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/487

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առանց այն էլ թույլ կազմվածք ունի։ Արտաշե՛ս, Արտաշե՛ս. գնա քո ընտրած ճանապարհով, ես համոզվեցի, որ չեմ կարող քեզ դարձի բերել։ Բայց, գիտե՜ս, մի քիչ գութ ունենալն էլ լավ բան է: Մի՛ կարծիր, որ ինձ համար եմ ասում: Ոչ, ոչ, քավ լիցի. ես կարեկցություն չեմ խնդրում քեզնից։ Խնայիր նրան, խնայիր մորդ...

ԱՐՏԱՇԵՍ. (Ցնցվելով): Մո՜րս... (Գնում է դեպի աջ կողմի երկրորդ դռները):
ՍԵՆԵՔԵՐԻՄ. Մի՛ անհանգստացնիր, նա քնած է։
ԱՐՏԱՇԵՍ. (Դռները կամացուկ բաց է անում և նայում): Այո, քնած է։ (Գալիս է բեմի կենտրոնը):
ՍԵՆԵՔԵՐԻՄ. Անբախտ կին։ Նրա աջ թևը չի շարժվում և... չի շարժվիլ երբեք, այդ դու լավ գիտես, իբրև բժիշկ։ Ես էլ եմ մեղավոր նրա առաջ, օօ, շատ եմ մեղավոր։ Քսանույոթ տարի հափշտակված լինելով իմ գործունեությամբ, ես նրա վերաբերմամբ եղել եմ մի զազրելի էգոիստ։ Բայց ոչինչ, իմն էլ վերջացած է։ Ես երկար ապրել չեմ կարող, զգում եմ։ Մի՛ թողնիր նրան իմ մահից հետո դռնե դուռ ընկնիլ, ողորմություն մուրալ։ Ես խոմ ոչինչ չունիմ, իմ միակ ժառանգությունը դու էիր, գնացիր ձեռքիցս։ Դեհ, հերիք է, ինչ հարկավոր է պառավ կնոջ պես մրթմրթալ, չէ՞ որ ամեն բան վերջացած է... (Քայլերն ուղղում է դեպի աջ և գրեթե հասնում առաջին դռներին):
ԱՐՏԱՇԵՍ. (Ուշադիր դիտել է հորը, մոտենում է նրան մի քանի քայլ): Հայր, սպասիր։ (Ավելի մոտենալով): Դու. գիտե՞ս իմ այստեղ գալու պատճառը։
ՍԵՆԵՔԵՐԻՄ. Ինչի՞դ է հարկավոր։
ԱՐՏԱՇԵՍ. Հայր, դու գիտե՞ս իմ գալու իսկական պատճառը։
ՍԵՆԵՔԵՐԻՄ. Գիտեմ։
ԱՐՏԱՇԵՍ. (Շնչասպառ): Ո՞վ է ասել քեզ։
ՍԵՆԵՔԵՐԻՄ. Դու ինքդ...
ԱՐՏԱՇԵՍ. Հայր, ես երբեք չեմ հարբում, և ուղեղս դեռ առողջ է։
ՍԵՆԵՔԵՐԻՄ. Պատանիներ եք դուք, անփորձ պատանիներ։ Եվ հիմարներ են նրանք, որոնք ձեզ այդ տեսակ վտանգավոր գործեր են հանձնում։ Ես լսել եմ իմ ականջներով,