Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/488

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ահա այնտեղից, այդ դռների ետևից։ (Ցույց է տալիս ձախ կողմի դոները):

ԱՐՏԱՇԵՍ. Հայր, դու կատարելապես լրտեսում ես ինձ։
ՍԵՆԵՔԵՐԻՄ. Հիմար-հիմար մի՛ խոսիր: Ի՜նչ ասել է լրտեսություն։ Միթե դուք չե՞ք լրտեսում և ամեն միջոցների դիմում ձեր հակառակորդների միտքը հասկանալու։ Այո, քո գալու օրից ես հետևում եմ քո ամեն մի քայլին։ Բայց այս անգամ լրտեսություն չէր, այլ ուրիշ բան։ Ասում եմ, երեխաներ եք դուք, դեռ մայրական կաթը չի չորացել ձեր շրթունքների վրա։ Չգիտեք, որ պատերն էլ ականջներ ունին այդ տեսակ բաների համար։
ԱՐՏԱՇԵՍ. (Գրգռված): Ի՞նչպես պատահեց այդ, ասա՛։
ՍԵՆԵՔԵՐԻՄ. Գիշեր էր։ Քունը փախել էր ինձանից։ Իսկ միտքս գործում էր։ Մռայլ գիշեր, սոսկալի վայրկյաններ։ Դուք կարծում էիք ես քնած եմ։ Խուլ խոսում էիք, ճշմարիտ է շշնջյունով, բայց պարզ։ Լսեցի։ Այո, ես ակամա լրտես եղա և բոլորն իմացա։ Դու կործանված ես, զինվորների սվիններն արդեն պսպղում են քո կրծքի վրա... և հետո... կախաղանը...
ԱՐՏԱՇԵՍ. (Նայելով աջ ու ձախ): Սուս, բավական է. մայրիկը...
ՍԵՆԵՔԵՐԻՄ. Մի՛ վախենար, ես նրան ոչինչ չեմ ասիլ։ Բայց ի՞նչ օգուտ, մայրական նախազգացումը վաղուց է նրան ասել, թե դու կորած ես... թշվա՜ռ, թշվա՜ռ... (Գնում է աջ կողմի առաջին դռներով):


ՏԵՍԻԼ 6



ԱՐՏԱՇԵՍ և ՏԻԳՐԱՆ


ԱՐՏԱՇԵՍ. (Հոր խոսքերից խորն ազդված, մտածում է, ճակատը շփելով: Մի քանի վայրկյան մենակ է բեմի վրա):
ՏԻԳՐԱՆ. (Գալիս է խորքի դռներով գունատ և հուզված): Մի դժբախտ լուր։
ԱՐՏԱՇԵՍ. (Սթափվելով, բայց անտարբեր): Ի՞նչ է պատահել:
ՏԻԳՐԱՆ. Այս րոպեիս լսեցի, որ Արազը երկաթուղու կայարանում դաշույնով ծանր վիրավորել է Հրանտին։