Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/509

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԹԱՄԱՐ. Այ, ես ձեզ նման տղամարդկանց ծովը թափեմ։ (Ուզում է գնալ դեպի նախասենյակ):

ՋԱՀԱՆԳԻՐ. (Թամարի առաջը կտրելով): Խանում, Ջահանգիրը մեռե՞լ է, որ քեզ բաց թողնի։ Ես ինքս կգնամ։ (Գնալով դեպի խորքի դռները)։ Վախեցողը չեմ հա՛, դա է, որ ոտներս առաջ չեն գնում։ Հայր մեր, որ հերկինս ես։ (Գնում է խորքի դռներով):
ՍԵՐԺ. (Թաքնվում է աջ կողմի դռների մեջ)։ Լիզա, եկ այստեղ:
ԼԻԶԱ․ (Կանգնում է Սերժի առջև): Ես ինքս քեզ կպաշտպանեմ։
ԱՄԵՆՔԸ. (Նայում են դեպի խորքի դռները):
ԹԱՄԱՐ. (Սառնությունը չի կորցնում):
ՍԱՄՎԵԼ. (Բեմի ետևից բարձրաձայն): Կոտորվե՞լ եք, ինչ է, այսքան զանգ եմ տալիս։
ՋԱՀԱՆԳԻՐ. (Բեմի ետևից): Մեղա, աստծու, Սամվել աղա։
ԱՄԵՆՔԸ. (Հառաչում են ուրախ): Սամվելն է։
ՍԵՐԺ. Ասոծ կա, չվախեցա։ (Առաջ է գալիս):
ԼԻԶԱ. Ես էլ։ (Առաջ է գալիս):


ՏԵՍԻԼ 6
ՆՈԻՅՆՔ և ՍԱՄՎԵԼ


ՍԱՄՎԵԼ. (Գալիս է խորքի դռներով Ջահանգիրի հետ։ Առողջ կազմվածքով, ուրախ, զվարթ դեմքով երիտասարդ է, համարձակ ձևերով: (Ջահանգիրին): Ադա, զուռնաչի, ինչպե՞ս ես համարձակվում ինձ այս ցրտով փողոցում պահել։
ՋԱՀԱՆԳԻՐ. Դու այն բաշլղավորներին չտեսա՞ր։
ՍԱՄՎԵԼ. (Բարկացած): Սու՜ս։ (Հեգնորեն) Բաշլըղավորներ, չէ՛, պոզավորներ։ (Նայելով մյուսներին): Այստեղ նայեցեք, ջուրն ընկած հավերի են նման։ Ը՜հ, վախկոտներ։
ԼԻԶԱ. Մենք կարծեցինք անարխիստներ են գալիս։
ՍԵՐԺ. էքսպրոպրիատորներ, ասոծ կա։
ՍԱՄՎԵԼ. Անարխիստ, էքսպրոպրիատոր, չէ՛, բոյմադարան։ Քանի՞ տղամարդ եք այստեղ։ (Սկսում է թվել տղամարդկանց): Մեկ, երկու, երեք (հասնելով Ջահանգիրին) երեքուկես։