(Հասնելով Սերժին): Այս էլ մի քառորդ։ Երեք ու երեք քառորդ տղամարդ կա այստեղ, էլի վախենում են։
ՍԵՐԺ. Մամա, ինձ վիրավորում է, ասոծ կա։
ԹԱՄԱՐ. Վնաս չունի, կմեծանաս, ամբողջ մարդ կդառնաս։
ՍԱՄՎԵԼ․ (Դառնալով Լազարին): Ադա, մըղդըսի Ղազար, դու է՞լ ես սպրդնել։ Այ ես ձեր մարդ ասողին... Ամոթ է ուղղակի ձեզ նման եղբայրներ ունենալը։ (Սերժին) Դրան նայեցեք․ բեղերն այնպես է սրել, որ կարծես աղբայիլ է։ Ը՜հ, Սարգիս։
ՍԵՐԺ. Ես Սարգիս չեմ, Սերժ եմ։
ՍԱՄՎԵԼ․ (Դառնալով Խալֆայանին): Իսկ դու՞ք, պարոն հաշվապահ, դու՞ք էլ։ Ինչ էիք մեծ-մեծ բրթում, թե Զանգեզուրում երկու արջ եմ սպանել։ Հայրիկ, դու է՞լ ես վախեցել։ Դու չէի՞ր, որ ասում էիր, թե Դաղստանում լեզգիների հետ դաշույնով կռվել ես, (Դառնալով մորը): Մայրիկ, կեցցե՛ս, կեցցե՛ս, դեմքիցդ երևում է, որ դու դրանց ծաղրում ես մտքումդ։ Արի, արի համբուրվենք։ (Գրկում է Թամարին և համբուրում): Այս տանը երկու տղամարդ կա, մեկը դու ես, մյուսը ես։
ՋԱՀԱՆԳԻՐ. (Մեկուսի): Ճշմարիտ է ասում։ Աստված վկա։
ԼԱԶԱՐ. (Ջահանգիրին սաստելով): Ձայնդ կտրի՛ր։
ՀԱՅՐԱՊԵՏ. (Երկյուղը փոխվել է բարկության): Ադա, անզգամ, ի՞նչ ես հարբուզոռբով ներս գալիս։ Իսկի արարմունքիցդ ամաչու՞մ ես, թե՞ չէ։
ԼԱԶԱՐ. Բավական չէ, որ դրսերում մեզ խայտառակում է, դեռ մեծ-մեծ էլ խոսում է։
ԽԱԼՖԱՅԱՆ. (Գնում է ձախ կողմի դռներով):
ՏԵՍԻԼ 7
ՆՈՒՅՆՔ, առանց ԽԱԼՖԱՅԱՆԻ
ՍԵՐԺ. Ասոծ կա, Լազարը ճշմարիտ է ասում։
ՍԱՄՎԵԼ․ (Կանգնելով մեջտեղում, ձեռները դնում է կողքերին և նայում աջ ու ձախ): Օհո՜, լեզուներդ բացվեցի՞ն։ Այլևս չե՞ք դողում ու սարսափում զանգակի ձայն լսելի՞ս։ Ջահանգի՛ր։