սնդուկում): Գնամ, կորչեմ այստեղից, թե չէ, ո՜վ գիտե, էլ ինչ օյիններ կբերի գլխիս։ (Գնում է աջ կողմի դռներով):
ՍԱՄՎԵԼ. Ջահանգիր, ձեռաց մի սեղան բաց արա, ես ուզում եմ հենց այստեղ այս տղերանց հետ մի լավ քեֆ անել: Մայրիկ, ինչ որ տանն ունիս, ուղարկիր այստեղ։ Դրանք երևելի տղերք են, դու չես իմանում։
ՋԱՀԱՆԳԻՐ. (Սեղան պատրաստելով): Բայց սամովարի կռանով և սերկևիլով լեղիս փորս գցեցին։
ԽԱԼՖԱՅԱՆ. Ինձ թույլ կտա՞ք հեռանալու։
ՍԱՄՎԵԼ. Ո՛չ, պարոն հաշվապահ, դուք պիտի ծառայեք դրանց ինչպես սպասավոր։
ԽԱԼՖԱՅԱՆ (Վրդովման շարժումն է անում):
ՍԱՄՎԵԼ. Մայրիկ, ի՞նչ ես կանգնել և խեթ֊խեթ մտիկ անում ինձ։
ԹԱՄԱՐ. Ոչինչ, որդի, դու ինձ հիշեցրիր իմ հանգուցյալ եղբորը։ Նա էլ քեզ պես էր, նրան Էլ Շառլատան էին անվանում։ Ես կուղարկեմ, ինչ-որ հարկավոր է։ (Գնում է աջ կողմի դռներով):
ՍԵՐԺ. Լիզա, ասոծ կա, ես շատ ուրախ եմ, որ երեկույթի չգնացինք։ Այս շատ օրժինալ է։ Բայց, ֆի՛, նավթի հոտ է փչում դրանցից, ասոծ կա։
ՍԱՄՎԵԼ. Քիչ խոսիր։ Գնա, ջութակդ վերցրու, դու մեր սազանդարը կլինես։ Սի բայաթի ածիր, տեսնենք։
ՍԵՐԺ. Լիզա, ի՞նչ կասես, ասոծ կա։
ԼԻԶԱ. Գնանք, նվագենք։ (Գնում է աջ կողմի դռներով):
ՍԵՐԺ․ Գնանք։ (Հետևում է Լիզային):
ԱՌԱՋԻՆ ԱՆՁ․ (Աչքերի արցունքը սրբելով): Սամվել աղա։
ԵՐԿՐՈՐԴ ԱՆՁ․ (Հուզված): Աղա՛, թող արա, որ փեշերդ համբուրեմ։
ԵՐՐՈՐԴ ԱՆՁ․ Դու իմ չոլախ քրոջն ազատեցիր տանջանքից։
ԱՌԱՋԻՆ ԱՆՁ․ Օրհնվի քո ծնունդը։
ՍԱՄՎԵԼ. Լավ, նստեցեք։ Բայց երդվեցեք, որ այսուհետև այլևս այն փախչողի նման ավազակների խոսքը չեք լսիլ։ (Բեմի ետևից լսվում է պիանինոյի և ջութակի նվագ)։