Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/524

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեզանից ավելի բարձր դատաստան չկա քեզ համար։

ԹԱՄԱՐ. (Վերկենալով): Օրհնվիս, որդի, քո սիրտը ոսկի է։
ՍԱՄՎԵԼ. Հայրիկ, դեհ տուր դրանց փողերը։
ՀԱՅՐԱՊԵՏ. (Տալիս է երեք անձերից յուրաքանչյուրին տասը ռուբլի): Առեք, կորեք, սրիկաներ, քանի որ ոստիկանություն չի եկել։
ՍԱՄՎԵԼ. Ներողություն, հայրիկ, տասը ռուբլի չէ, այլ ամեն մեկին հինգ հարյուր ռուբլի։ Օրենքը պետք է կատարել։ Չկատարողը կպատժվի։
ԼԱԶԱՐ. Ես այդ տասական ռուբլին էլ չեմ թողնիլ տալու։
ՍԱՄՎԵԼ. Դու ձայնդ կարիր։ Մի՛ կատաղեցնեք ինձ, ապա թե ոչ` տեսնո՞ւմ եք։ (Դուրս է բերում գրպաններից երկու ատրճանակներ և ուղղում է մեկը Հայրապետի, մյուսը Լազարի կրծքին): Դեհ, շուտ։

ԼԱԶԱՐ. (Երկյուղից կուչ են գալիս):
ՀԱՅՐԱՊԵՏ.

ՀԱՅՐԱՊԵՏ. (Երկյուղից կուչ են գալիս):

ԹԱՄԱՐ. Աման, մի՛ անիր, Սամվել։
ՀԱՅՐԱՊԵՏ. (Վերցնում է 300 ռուբլի և տալիս է երեք անձերին): Առեք, մի հարյուրական ռուբլին էլ շատ-շատ է։ (Սակայն, դեռ չտված, մի հատ հարյուրանոց ետ է վերցնում): Բայց երկուսն էլ բավական է երեքիդ։
ՍԱՄՎԵԼ. Ըհ, անուղղելի չարչի։ (Ռևոլվերները դնում է գրպանները):
ԱՌԱՋԻՆ ԱՆՁ. Աղա, մի նեղանար, այսքանն էլ շատ է մեզ համար։ (Վերցնում է 200 ռուբլին Հայրապետից):
ԵՐԿՐՈՐԴ ԱՆՁ. Շատից էլ շատ է։
ԵՐՐՈՐԴ ԱՆՁ. Աստված ձեզ երկու ձեռքով տա փոխարենը։
ԼԱԶԱՐ. Ես չեմ կարող դիմանալ այդ խայտառակությանը։ Ջահանգիր, պրիստավին կանչիր։
ՋԱՀԱՆԳԻՐ. (Ցույց տալով Սերժին): Այ պրիստավը։
ՍԵՐԺ. Ասոծ կա։
ԼԱԶԱՐ. Անիրավներ, անիրավներ։ (Գնում է աջ կողմի դռներով):
ՀԱՅՐԱՊԵՏ. (Մնացյալ փողերը շտապով ժողովել է ու փակել