ձեռագիրը, միևնույն մատնությունը։ Ո՞վ է, վերջապես, այդ գարշելին, որ չի համարձակվում ասպարեզ դուրս գալ։
ՀԵՂԻՆԵ. Եվ երբեք չի դուրս գա, որովհետև դուք նրան հանել եք ասպարեզից։ Դա մեկն է այն արարածներից, որ զոհ են դարձել ձեր հաճույքին։ Նայեցեք, մի՞թե չեք որոշում ձեռագիրը։
ՄԻՔԱՅԵԼ. (Նայում է և մեկուսի) Արդարև, ես, կարծես, ճանաչում եմ այդ ձեռագիրը։
ՀԵՂԻՆԵ. Մի՛ վրդովվեք, տեսնո՞ւմ եք, ես հանգիստ եմ։ Այսուհետև այդ նամակները ավելորդ են ինձ համար, պատռեցեք և այրեցեք, որովհետև ես ինքս էլ գարշում եմ դրանցից։
ՄԻՔԱՅԵԼ. Կեցցե՜ս, ուրեմն դու խելոքացել ես, շա՜տ ուրախ եմ։
ՀԵՂԻՆԵ. (Դառն ծիծաղով) Խելոքացել եմ, այո, բայց արդեն ուշ է։
ՄԻՔԱՅԵԼ. Զգո՜ւյշ, Հեղինե՛, այդ ի՞նչ եղանակով ես խոսում, ընտանեկան տեսարանի ժամանակ չէ։ Ահա հյուրերը այս կողմ են գալիս։ (Միջին դռներից գալիս են մի քանի հյուրեր: Միքայելը դիմավորում է նրանց):
ՀԵՂԻՆԵ. (Գարեգինին գաղտնի) Գնանք իմ սենյակը, մի քանի խոսք ունեմ ասելու։ (Գնում են դեպի աջ):
ՏԵՍԻԼ է.
ՄԻՔԱՅԵԼ և ՀՅՈԻՐԵՐ
ԱՌԱՋԻՆ ՀՅՈԻՐ. Իշխա՛ն, չէի՞ք կամենա արդյոք չորրորդը լինել գունդը լրացնելու համար։
ՄԻՔԱՅԵԼ. Պատրաստ եմ, որովհետև մի թեթև ճակատամարտի ծարավ եմ զգում։
ԵՐԿՐՈՐԴ ՀՅՈԻՐ. Միայն քիչ վառոդով, որովհետև գրպանս բարակացավ է ընկել։
ԱՌԱՋԻՆ ՀՅՈԻՐ. Լռի՛ր, Ժլա՛տ, քո բարակացավը հոգույդ մեջ է։