ՄԻՔԱՅԵԼ. Գնա՛նք, պարո՛ններ, իմ սենյակս ազատ է և հարմար։ Ես չորրորդը, իսկ ո՞ւր է երրորդը։
ԵՐԿՐՈՐԴ ՀՅՈՒՐ. Նա արդեն իշխանական սենյակում սպասում է զենքերը լարած։ (Գնում են դեպի աջ):
ՏԵՍԻԼ Ը․
ԳԱՐԵԳԻՆ, հետո ՀՈՌՈՄ
ԳԱՐԵԳԻՆ. (Հետ է դառնում աջ դռնից) Հեղինեն չափազանց հուզված է։ Նա ինձ խնդրեց, որ մեր մորը տանեմ տուն և շուտով վերադառնամ։ Անշուշտ, այս երեկո մի բան պետք է պատահի։ Գործը ծանր կերպարանք է ստանում և ուրիշ կերպ չէր կարող լինել։ (Միջին դռներից գալիս է Հոռոմը) Ահա և մայրիկը։
ՀՈՌՈՄ. Ես քեզ էի փնտրում, որդի՛։
ԳԱՐԵԳԻՆ. Ի՞նչ կա։
ՀՈՌՈՄ. Սիրտս մորմոքում է Հեղինեին տեսնելիս այս ուրախ կանանց մեջ։ Ես չեմ կարող այստեղ մնալ։
ԳԱՐԵԳԻՆ. Ես հենց ուզում էի քեզ առաջարկել, որ տուն վերադառնաս։ Գնա՛նք, ես քեզ կուղեկցեմ։
ՀՈՌՈՄ. Թո՛ղ մի անգամ էլ Հեղինեիս տեսնեմ, հետո։
ԳԱՐԵԳԻՆ. Նա յուր սենյակումն է. գնանք միասին։ (Գնում են դեպի ձախ)։
ՏԵՍԻԼ Թ.
ՍՈԻԼԻԿՅԱՆ, հետո ՄԱՐԻԱՄ և ՕԼԳԱ
ՍՈԻԼԻԿՅԱՆ. (Գնալով միջին դռներից) Մայր և աղջիկ երդվել են ինձ այս երեկո հալածել։ Րոպե հանդստություն չունեմ, այնինչ նրա հետ չհաջողեցի դարձյալ մի քանի րոպե առանձնանալ։ Ո՜հ, տկա՛ր սիրտ, այս ի՞նչ տարօրինակ մրրիկ է բարձրացել քո մեջ։ (Նույն դռներից գալիս է իշխանուհի Մարիամը) Դարձյալ եկավ։
ՄԱՐԻԱՄ. Երևակայեցեք, պարո՛ն Սուլիկյան, բոլոր հյուրերը Օլգային խնդրում են մի բան ածել դաշնամուրի վրա, մերժում է։ Խնդրեցեք դուք էլ, կարելի է համաձայնի։