Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/65

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հյուբերն արդեն շշնջում են իմ մասին։ Արդեն ընթրիքը վերջացավ։ Ծառաները հավաքում են սեղանը, հյուրերը ցրվում են, Միքայելը նրանց չի ստիպում մնալ։ (ԵրաԺշտությունը դադարում է) Ահա երաժշտությունն էլ դադարեց, օօ՜, ես ի՞նչպես բաժանվեմ նրանից։ (Ներս են մտնում Մարիամը, Օլգան, Գարեգինը, Միքայելը և Հեղինեն: Սուլիկյանը դառնում է Մարիամին): Իշխանուհի՛, ցտեսություն։

ՄԱՐԻԱՄ. Վաղը ճաշին անպատճառ մեզ մոտ եք։ (Սուլիկյանը գլուխ է տալիս և հեռանալու միջոցին մի մելամաղձոտ հայացք է ձգում Հեղինեի վրա: Վերջինը երեսը հետ է դարձնում: Օլգան նկատում է այդ բանը և զայրանում):

ՏԵՍԻԼ Ի.


ՆՐԱՆՔ, առանց ՍՈՒԼԻԿՅԱՆԻ


ՄԱՐԻԱՄ. (Նստելով բազկաթոռի վրա) Այդքան ծախք և այդպես անհաջող։
ՕԼԳԱ. Թո՛ղ ուրախանան անհաջողության պատճառ լինողները։ Մեր ամենամեծ թշնամիները մեր տանն են։
ՀԵՂԻՆԵ. (Մեկուսի) Դարձյալ ինձ է ուզում խայթել։
ՄԱՐԻԱՄ. Ես էլ նկատում եմ այդ բանը։ (Խորհրդավոր նայում է Հեղինեին և Գարեգինին):
ԳԱՐԵԳԻՆ. Ցտեսություն. (Ուզում է գնալ):
ՄԻՔԱՅԵԼ. Կացեք, խնդրեմ, ես ձեզ հետ մի քանի խոսք ունեմ։ Օլգա՛, խնդրում եմ գնաս սենյակդ։
ՕԼԳԱ. Միթե ամեն տեղ ե՜ս եմ միայն ավելորդը։
ՄԻՔԱՅԵԼ. Գործը քեզ չէ վերաբերում։ Գնա, խնդրեմ։
ՕԼԳԱ. (Մեկուսի) Ես զգում եմ, թե ինչի մասին պետք է խոսեն։ Կթաքնվեմ դռների հետևում և կլսեմ։ (Գնում է դեպի ձախ):