Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/71

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


Տեսիլ Բ.



ՀՈՌՈՄ և ԶԱՐԲԱԲՅԱՆ


 
ԶԱՐԲԱԲՅԱՆ. Աստուծո բարի լույսը այս տանը, քույրիկս, ինչպե՞ս եք, դուք, Գարեգինը, Հեղինեն:
ՀՈՌՈՄ. Ապրում ենք մի կերպ։
ԶԱՐԲԱԲՅԱՆ. Ինչո՞ւ մի կերպ, քույր, ես խոսքը ճակատին կասեմ, շնորհակալ եղեք աստծուց, տուն, տեղ, հարստություն, ուսում առած որդի։ Ի՞նչ կա՝ մտածում եք անցած բաների մասին, մենք մարդ ենք, ծնվել ենք ապրելու, ուրախանալու ու տանջվելու համար։ Դեռ լավ է, որ կնիկ եք, տանն եք նստած, ապա ի՞նչ կլիներ ձեր դրությունը, եթե տղամարդ լինեիք, այն էլ ինձ նման հասարակական մարդ։ Ի՞նչ կանեիք չար լեզուների դեմ. ով գիտե այս քաղաքից կփախչեիք, այնքան խոսք կլսեիք:
ՀՈՌՈՄ. Ուրեմն էլի խոսո՞ւմ են, էլի մեր մասի՞ն։
ԶԱՐԲԱԲՅԱՆ. Է՜հ, թողեք, աստված սիրեք, էլի արյունս սկսում է եռ գալ սամովարի ջրի պես։ Երեկ երեկոյան կլուբում շիշը բարձրացրի, որ մեկի ճակատին տամ, խցանը դուրս եկավ, ոտից մինչև գլուխ գինու մեջ թաթախվեցի։ Չթողին մեծ մարդիկ, որ ջարդ ու փշուր անեմ։
ՀՈՌՈՄ. Ո՞ւմ, ի՞նչ պատճառով։
ԶԱՐԲԱԲՅԱՆ. Ընկերներս ընթրում էին, իսկ ես ծխում էի, որովհետև փող չունեի, որ ես էլ ընթրեմ։ Այդ ժամանակ երևեցավ Սուլիկյանը. մեկը մոտեցավ մեզ, շատ պատվավոր մարդ է, Սուլիկյանին ցույց տալով ասաց «ա՛յ հերոսը» ու սկսեց ծիծաղել։ Արևդ վկա, այնպես կատաղեցի, որ ուգում էի ատամներովս կրծոտեմ ամեն բան, մանավանդ շատ էլ քաղցած էի: Այն պատվելի մարդը մեկ էլ ծիծաղեց, երեսիս մտիկ տալով ու այն ժամանակ Զարբաբյանը այսպես թռավ տեղից (Վեր է թռչում տեղից) ու աչքերը պտույտ տալով, ասաց։
ՀՈՌՈՄ. Հանգիստ նստեցեք ու պատմեցեք։
ԶԱՐԲԱԲՅԱՆ. Պատվելի՛ պարոն, շիշը եկավ գլխիդ... Ասացի ու շիշը բարձրացրի, հանկարծ տեսնեմ ճակատս