ԳԱՐԵԳԻՆ. Միևնույնն է։ (Անյուտան գնում է: Գարեգինը նստում է սեղանի մոտ և գրիչը վերցնում գրելու):
ՀԵՂԻՆԵ. Ի՞նչ ես կամենում անել։
ԳԱՐԵԳԻՆ. Մի փոքրիկ բացատրություն տալ նորին պայծառափայլությանը։ Տիրապետող օրենքի հիման վրա երեխան պատկանում է անմեղ կողմին։ Այս դեպքում հանցանքը հորն է. զավակը քեզ պետք է պատկանի։ (Գրում է: Մեկուսի) Պետք է ամեն միջոցի դիմել։
ՀԵՂԻՆԵ. Իզո՜ւր, իզո՜ւր ես առաջարկում նրան մի բան, որից նա վճռականապես հրաժարվել է քանի անգամ։ Գարեգի՛ն, միևնույնն է, չէ՞ որ ինձ համար ամեն ինչ վերջացած է։
ԳԱՐԵԳԻՆ. Վերջացա՞ծ. ո՛չ, երբեք։ Ես կառաջարկեմ նրան նոր պայմաններ, թող մերժի, այն ժամանակ կմտածեմ։ (Ներս է մտնում Սիմոնը):
ՏԵՍԻԼ Թ.
ՆՐԱՆՔ և ՍԻՄՈՆ
ԳԱՐԵԳԻՆ. Քեզ ո՞վ է ուղարկել այստեղ, իշխա՞նը, թե՞ մայրը։
ՍԻՄՈՆ. Երկուսն էլ։
ԳԱՐԵԳԻՆ. Եվ հրամայել են առանց երեխայի չվերադառնա՞լ։
ՍԻՄՈՆ. Այո, ես կուզեի գնալ, բայց ինձ կվռնդեն․․.
ԳԱՐԵԳԻՆ. Տուր այս նամակը իշխանին, ասա՛ մեր պատասխանը այս է։ (Սիմոնը տատանվելով դուրս է գալիս):
ՏԵՍԻԼ ժ.
ՆՐԱՆՔ, առանց ՍԻՄՈՆԻ
ՀԵՂԻՆԵ. Գարեգին, ինչո՞ւ չկարդացիր ինձ գրածդ։
ԳԱՐԵԳԻՆ. Անհոգ կաց, ինչ որ անում եմ, քո պատվի և անդորրության համար է։ (Մեկուսի) Ես իմ երդումը քանդեցի։
ՀԵՂԻՆԵ. Այս մասին բնավ չեմ կասկածում։ Բայց վախենամ եմ միայն, որ ինձ համար, դու ինքդ վտանգի կարող ես