Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՏԵՍԻԼ Ը․

ՀԵՂԻՆԵ, ԳԱՐԵԳԻՆ, հետո ԱՆՅՈՒՏԱ

ԳԱՐԵԳԻՆ. Հեղինե, այսօր ինչպե՞ս ես։

ՀԵՂԻՆԵ. Լավ եմ, շատ լավ։ Անհոգ կաց և մի՛ անհանգստանա։ Ես զգում եմ, որ իմ վերքը օրից օր բժշկվում է, ուրիշ կերպ ինչպե՞ս կարող էի արժանի լինել քո քույրը կոչվելու, եթե ուժ չունենայի հաղթել մի ամենադառն վիշտ անգամ։
ԳԱՐԵԳԻՆ. Ամրացի՛ր, սիրելի՛ս, և դու վերջը բախտավոր կլինես։ (Մեկուսի) Միշտ ինձ խաբում է, միշտ հույս է տալիս, սակայն ես զարհուրում եմ նայելով նրա կերպարանքին։
ՀԵՂԻՆԵ. Այո, ես բախտավոր կլինեմ։ Բայց ինչո՞ւ դու ինձանից ավելի հուզված ես, այդ ցավալի է ինձ համար։ Գարեգի՛ն, դու չպետք է այդպես լինես, մխիթարի՛ր մեր մորը, նրա տարիքը և նահապետական հայացքը կյանքի վրա ինձ վախեցնում են։ Ամոթից և հոգսից կյանքը նրա մեջ սպառվում է հետզհետե։ Հոգա այդ մասին։
ԳԱՐԵԳԻՆ. (Մեկուսի) Հոգա՞մ, բայց ի՞նչպես։
ԱՆՅՈԻՏԱ. (Ներս է մտնում միջին դռներից) Իշխանուհի՛։
ՀԵՂԻՆԵ. Ի՞նչ կա, ինչո՞ւ ես շփոթված։
ԱՆՅՈԻՏԱ. Պառավ իշխանուհին երկրորդ ծառային է ուղարկել երեխայի հետևից։ Սպառնում է, որ եթե չտաք, ինքը կգա տանելու։
ՀԵՂԻՆԵ. Մի՛ թույլ տաք ուրեմն, որ նա իր սպառնալիքը կատարի։ Անյո՛ւտա, երեխան զարթնել է, հագցրո՛ւ, ես կղրկեմ նրան մի անգամ ևս, և թող տանեն։ (Մեկուսի)։ Զգում եմ, որ ապրելու ցանկությունը հետզհետե նվազում է իմ մեջ, և ես կարող եմ այսուհետև սառնարյուն դիմանալ ճակատագրի ամենախիստ հարվածին։
ԳԱՐԵԳԻՆ. Ո՛չ. այդ արդեն չափից դուրս է. այդքան բռնություն ես չեմ թույլ տա գործ դնել։ Անյո՛ւտա, կանչիր այստեղ ծառային։
ԱՆՅՈԻՏԱ. Սիմոնի՞ն, թե՞ մյուսին։