ՍԻՄՈՆ. Աստված սիրես նրա անունը մի՛ հիշիր: Ես նրան ատում եմ։
ԱՆՅՈԻՏԱ. Ո՞ւմ, Օլգայի՞ն։
ՍԻՄՈՆ. Հենց նրան։
ԱՆՅՈԻՏԱ. Ինչպե՞ս ես համարձակվում։
ՍԻՄՈՆ. Գոռոզ, փքված, քացախած, ամեն չնչին բանի համար մեզ վրա գոռում է, ինչպե՞ս սիրեմ նրան։ Ա՛յ ուրիշ բան է նրա եղբոր կինը։
ԱՆՅՈԻՏԱ. Դու հավանում ես այն մարդու աղջկան, որի անունը ամաչում են հիշել այս տանը։
ՍԻՄՈՆ. Ի՞նչ անենք, որ հայրը վատ անուն է թողել աշխարհում, թող աղջիկը լավ լինի։ Հիշո՞ւմ ես, զատկին ի՞նչ թանկագին նվերներ տվեց մեզ։ Չէ՛, նա այս տունը մտնելուց հետո մեր բանը շատ լավ է գնում։ Մոռացե՞լ ես՝ առաջ ինչպես էր կառավարվում այս ընտանիքը, ամիսներով ռոճիկ չէինք ստանում։ Իսկ այժմ կանխիկ ենք վերցնում, ամեն օր հյուրեր, երեկույթ, ճաշ։ Բայց գիտե՞ս, Անյո՛ւտա, ես մի բան եմ նկատում։
ԱՆՅՈԻՏԱ. Ի՞նչ բան։
ՍԻՄՈՆ. Երդվիր, որ ինձ չես մատնի։
ԱՆՅՈԻՏԱ. Լավ, երդվում եմ։
ՍԻՄՈՆ. (Շուրջը նայելով) Մեր նոր իշխանուհու դրությունը այս տանը լավ չէ։
ԱՆՅՈԻՏԱ. Ինչպե՞ս։
ՍԻՄՈՆ. Այնպես, լավ չէ: Նրան չեն սիրում։
ԱՆՅՈԻՏԱ. Ո՞վ։
ՍԻՄՈՆ. Ամենից առաջ մարդը։
ԱՆՅՈԻՏԱ. Դու ո՞րտեղից գիտես։
ՍԻՄՈՆ. Օօ՜, Անյուտա, ինձ այդպես մի՛ տեսնի, ես շատ բան գիտեմ, մի օր կպատմեմ։ Սո՜ւս, կարծես մեկը գալիս է։
ԱՆՅՈԻՏԱ. Օրիորդն է։ (Ներս է մտնում աջ դռներից Օլգան դրսի հագուստով):