ՄԵԼԱՆԻԱ. Ո՛չ: (Մոտենում է համակին, վերմակը վերցնում է և սկսում է ծալել):
ԵՂԻՍԱԲԵԹ. Այգումն էլ չի երևում:
ՄԵԼԱՆԻԱ. Այնտեղ էր, դուրս եկավ, անցավ գետակի մյուս ափը:
ԵՂԻՍԱԲԵԹ. Մենա՞կ:
ՄԵԼԱՆԻԱ. Այո՛:
ԵՂԻՍԱԲԵԹ. Ինչո՞ւ հետը չգնացիր:
ՄԵԼԱՆԻԱ. Տիկինը բարկանում է, երբ ես հետևում եմ իրան: Ասում է, ես երեխա չեմ, որ դայակ ունենամ:
ԵՂԻՍԱԲԵԹ. (Գրգռվելով): Բարկանում է — բարկանում: Շատ քաջն է: Իսկ եթե մի բան պատահի, պատասխանատուն ես եմ մարդու մոտ: Գնա, տուն կանչիր. ասա ճաշի ժամանակ է:
ՄԵԼԱՆԻԱ. Իսկույն: (Վերմակը, գիրքը և լրագիրները տանում է պատշգամբով և անմիջապես վերադառնում է, գլխին մի շալ: Դուրս է գալիս ձախ կողմի թփերի միջով):
ԵՂԻՍԱԲԵԹ. (Ինքն իրան): Ես էլ կարող եմ ուրիշ սկեսուրների պես պարծե՛նալ, որ հարս ունիմ: Աչքս լույս: (Բարկացած համարակալի հատիկները խառնում է և հաշիվը նորից սկսում): Թյո՜ւ:
ՏԵՍԻԼ 3
ԵՂԻՍԱԲԵԹ և ՎԻՐԳԻՆԵ
ՎԻՐԳԻՆԵ. (Երևում է պատշգամբի վրա այն միջոցին, երբ Եղիսաբեթը պատվիրում է Մելանիային Արմենուհուն կանչելու, այնպես որ լսում է նրա վերջին խոսքերը: Շքեղ, բայց ոչ ախորժելի ճաշակով հագնված կին է, դեմքով նման իր մորը: Խոսելու միջոցին դեմքը միշտ արտահայտում է նախանձ ու չարություն): Չեմ հասկանում — ինչո՞ւ ես ուղարկում նրա հետևից: (Իջնում է սանդուղքով): Կարծեմ, ինքը պետք է առանց ասելու իմանա իր պարտականությունը: (Նստում է մոր մոտ):
ԵՂԻՍԱԲԵԹ. Դե որ չի իմանում, ինչ անեմ: (Միշտ զբաղված է