Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՄԵԼԱՆԻԱ. Գնաց հեռացավ, չի երևում: (Մոտենում է սեղանին և սկսում է Գարեգնին օգնել):


ԳԱՐԵԳԻՆ. «Դու ձայն տվիր ճամփորդին,
«Նա չլսեց, հեռացավ...»:

ՄԵԼԱՆԻԱ. Զարմանալի կնիկ է, ինչ ասեմ. սիրում է թափառել անտառներում ու ձորերում: Չի էլ վախենում:

ԳԱՐԵԳԻՆ. Եվ միշտ մենակ, տխուր, մտքերի մեջ թաղված:

ՄԵԼԱՆԻԱ. Ա՛հ, երանի գիտենայի ինչ ցավ ունի: Մի՞թե հարուստներն էլ անբախտ են:

ԳԱՐԵԳԻՆ. «Ի՜նչ եմ անում ոսկե տաշտը, որի մեջ արյուն պիտի թքեմ»: Մելանիա, մեր տիկինը բախտավոր չէ, ես գիտեմ: Է՛հ, հիմա պառավ ագռավը կգա: Ես գլուխս փախցրի: (Քայլերն ուղղում է դեպի աջ, որ սանդուղքով բարձրանա, Եղիսաբեթին տեսնելով, կանգ է առնում):

ՏԵՍԻԼ 2

ՆՈԻՅՆՔ և ԵՂԻՍԱԲԵԹ

ԵՂԻՍԱԲԵԹ. (Գալիս է պատշգամբից ձեռքում համարակալ, մատիտ և մի թերթ թուղթ: Նիհար, չոր-չոր, խորշոմած, գռեհիկ դեմքով կին է: Հագած է սև շրջազգեստ, գլխին կապած է սև մետաքսյա թաշկինակ, որի տակից դուրս են ընկած ալեխառն գիսակները: Քայլվածքն ու ձևերը գոռոզ են): Ի՞նչ եք շտապում սեղանը պատրաստել: ՈՒրիշ գործ չունի՞ք: (Գարեգինին): Այն ո՞վ է պարոնիդ մոտ:


ԳԱՐԵԳԻՆ. Չեմ ճանաչում, նոր մարդ է:

ԵՂԻՍԱԲԵԹ. Մի աման էլ ավելացրու, կարելի է Սամսոնը նրան ճաշի պահի:

ԳԱՐԵԳԻՆ. Աչքիս վրա: (Գնում է պատշգամբով, իսկույն ետ է գալիս մի մարդու համար սերվիզ ձեռքում, դնում է սեղանի վրա և հեռանում է պատշգամբով):

ԵՂԻՍԱԲԵԹ. (Նստում է ճաշի սեղանի քով և սկսում է համարակալի վրա հաշիվ անել, նայելով թերթին): Տիկինդ տա՞նն է: