Դե որ այդպես է, ուրեմն, աստված կամեցել է, որ նրանք իրանց ողջ կյանքն էլ միասին ապրեն, ծերանան ու մի տան մեջ մեռնեն։ Հիմի հասկացա՞ր։
ՄԱՐԻԱՄ. (Գյուլնազին ուրախ, ուրախ բոթելով): Աղջի լսեցի՞ր։
ԳՅՈԻԼՆԱԶ․ Լսում եմ, լսում։
ՀԱՅՐԱՊԵՏ․ (Հափշտակվելով): Քո բերանով ինքը՝ սուրբ հոգին է խոսում, մարդ։ Այդ ինչ լավ բան ասացիր։
ԲԱՐԽՈԻԴԱՐ․ Եկեք այս գիշեր, այդ բաց երկնքի տակ, այդ պլպլան աստղերի վկայությամբ, վերևից մեզ մտիկ անող աստծու ու հրեշտակների օրհնությամբ Սուսանին և Սեյրանին նշանենք. ի՞նչ կասեք, հը՞։
ՀԱՅՐԱՊԵՏ. (Ավելի ոգևորված, Մարիամին): Լսո՞ւմ ես, ա կնիկ, դե, խոսիր էլի, ինչ ես պապանձվել։
ՄԱՐԻԱՄ. Աստված շնորհավոր անե։
ԳՅՈԻԼՆԱԶ․ Աստված շնորհավոր անե։
ՍՄԲԱՏ. Ամեն։
ՀԱՅՐԱՊԵՏ․ Այ մարդ, այդ ո՞ր սուրբը միտքդ այդպես լուսավորեց։ (Մարիամին): Դե, ա կնիկ, ծափ տուր, պար գանք, հարսնացու ունիս, տղադ նշանվեց։ (Գդակն ուրախությունից մի կողմ շպրտելով)։ Ադա, Սմբատ, ասա հա՛փ, հա՛փ, հուռռա՜։
ԲԱՐԽՈԻԴԱՐ. Հանդարտ, ձայնդ գլխիդ մի գցիր, մարդիկ սգի մեջ են։ Ես իմ աղջիկը տալիս եմ քո որդուն, որ մեր բարեկամությունը հաստատվի որդոց որդի։ Հավիտյանս հավիտենից։ Թող ինչպես մեր և ձեր մեջ այդքան տարվա ընթացքում ջուրը ջրությունով չի անցել, չանցնի մեր զավակների, թոռների ու ծոռների մեջ էլ։
ՄԱՐԻԱՄ.
ԳՅՈԻԼՆԱԶ (Միաձայն): Ամեն, տեր աստված, ամեն։
ԲԱՐԽՈԻԴԱՐ. Ինչպես աստված քանդեց այդ պարիսպը, թող այդպես էլ քանդվի ու ոչնչանա այս երկու տների մեջ ամեն մի հակառակություն, ատելություն, նախանձ։
ՄԱՐԻԱՄ.
ԳՅՈԻԼՆԱԶ (Միաձայն): Ամեն, ամեն։