ՀԱՅՐԱՊԵՏ. Մարդ ես, Բարխուդար, մարդու լեզվով ես խոսում։ (Օղի է խմում):
ԲԱՐԽՈՒԴԱՐ. (Ավելի ոգևորվելով): Տեսնո՞ւմ եք այն երկու թթի ծառերը. մեկը մերն է, մյուսը ձերը, մեկը մեր բակումն է, մյուսը ձեր բակում։ Տեսեք ինչպես են բարձրացել, իրարու խառնվել։ Այստեղ էլ խառն է աստծու մատը։ Հենց այդ ծառերի տակ խաղալով են մեծացել մեր զավակները։ Թող նրանց աստղերը միանան այդ ծառերի պես։
ՀԱՅՐԱՊԵՏ. Միանան։
ՄԱՐԻԱՄ․
ԳՅՈԻԼՆԱԶ. (ՄԻաձայն): ԱմեՆ, ամեն։
ԲԱՐԽՈՒԴԱՐ․ Աշխարհը մեծ է, մարդիկ՝ շատ, բայց նամուսով մարդ շատ քիչ կա։ Հայրապետ, ես մինչև հիմա քեզ նամուսով մարդ եմ ճանաչել, հենց այս պատճառով էլ ուզում եմ, որ իմ աղջիկը քո տունը մտնի, այնտեղ ապրի ու այնտեղ մեռնի։
ՄԱՐԻԱՄ․ Աչքիս լույսի պես կպահեմ նրան, եթե աստված մեզ մի կտոր հաց կտա։
ԲԱՐԽՈՒԴԱՐ. Այդ մասին շատ էլ մի մտածիր, Մարիամ բաջի։ Աստված ինչպես մեզ չի թողել քաղցած, մեր զավակներին էլ չի թողնիլ։
ՄԱՐԻԱՄ. Երանի այդպես լինի։
ԲԱՐԽՈՒԴԱՐ. Այդպես էլ կլինի, այդպես էլ կլինի, քիչ մտածիր։ Երկիրը շարժվեց, մարդիկ փչացան հարյուրներով, քո մարդու կուժ ու կուլան միայն կորավ, ի՜նչ արած, աստծու կամքն էր. էգուց մարդուդ դուքանը էլի կսարքենք։
ՄԱՐԻԱՄ. (Հառաչելով): Ինչո՞վ։
ԲԱՐԽՈՒԴԱՐ. Իմ փողով, Մարիամ բաջի, իմ փողով։ Ես ունիմ, շատ չէ, բայց ձեզ բավական է։
ՄԱՐԻԱՄ. Աստված հազարապատիկը տա․․․ Աստված.․․
ԲԱՐԽՈՒԴԱՐ․ (Խիստ ընդհատելով): Չէ, չէ, առանց շնորհակալության։ Բարեկամների մեջ նազ ու բազն ավելորդ է։ Ապրելն ինչ բան է, անասուններն ու թռչուններն էլ են