ապրում։ Բայց մարդ կա, որ նամուսի համար կախաղան կբարձրանա, մարդ էլ կա, որ շան չափ ամոթ չունի։ Նամուս, նամուս, նամուս։ Ով ունի այդ գոհարը— մարդ է, ով չունի — անասուն է։ (Տեսնելով, որ Հայրապետը հուզմունքից արտասվել է): Ի՞նչ պատահեց քեզ, մարդ աստծու։
ՀԱՅՐԱՊԵՏ․ (Աչքերը սրբելով, ժպտում է): Ոչինչ, խոսքերդ սրտիս դիպան։ (Ուզում է օղի ածել):
ՄԱՐԻԱՄ. (Շիշը խլելով Հայրապետից): Խոսքերը չէ, այ թե ինչը դիպավ սրտիդ։ Հերիք է։
ՀԱՅՐԱՊԵՏ․ (Աղերսելով): Ա՛ կնիկ, թող տեսնենք, ա՛ կնիկ։
ԳՅՈՒԼՆԱԶ․ Աղջի ինչի՞ եմ նստել․ գնամ մուրաբա բերեմ, բերաններս քաղցրացնենք։ (Վեր է կենում):
ՄԱՐԻԱՄ․ (Վեր կենալով): Թող ես բերեմ։
ԳՅՈՒԼՆԱԶ․ Իմը նարինջի է։
ՄԱՐԻԱՄ․ Իմը սերկևիլ է։
ԳՅՈԻԼՆԱԶ․ Ես վարդի մուրաբա էլ ունիմ։
ՄԱՐԻԱՄ. Ես ընկույզ էլ ունիմ։
ՀԱՅՐԱՊԵՏ․ Լավ, մի կտորվեք․ գնացեք, երկուսդ էլ բերեք։
ԳՅՈԻԼՆԱԶ․ (Գնում է աջ կողմի դռներով):
ՄԱՐԻԱՄ․ (Գնում է ձախ կողմի դռներով):
ՏԵՍԻԼ 6
ՆՈԻՅՆՔ, առանց ԳՅՈՒԼՆԱԶԻ և ՄԱՐԻԱՄԻ
ՀԱՅՐԱՊԵՏ․ (Կնոջ հետևից նայելով, իր համար օղի է ածում):
Ախ, Բարխուդար, Բարխուդար, ի՞նչ ասեմ։
ԲԱՐԽՈԻԴԱՐ. (Լուրջ, մտազբաղ): Սմբատ, գնա ավետարանդ ու գրիչդ բեր այստեղ։
ՍՄԲԱՏ. (Շտապով գնում է աջ կողմի դռներով և իսկույն ետ գալիս, ձեռին հնամաշ կազմով մի ավետարան, մի փետրյա գրիչ և կաղաման):
ՀԱՅՐԱՊԵՏ․ (Նայելով դեպի Սուսանի ու Սեյրանի անկողինները): Օ՜ ինչ անուշ են քնած։ Քնեցեք, քնեցեք անմեղ քնով, թող երկնային հրեշտակները ձեզ պահապան լինին։ (Օղի է խմում):