ԲԱՐԽՈԻԴԱՐ․ Չունքի անիրավ լութերականություն եկյալ, մտյալ է անտեր քաղաքս, բրիշակ արարյալ է։
ՍՄԲԱՏ. Բրիշակ արարյալ է։
ԲԱՐԽՈԻԴԱՐ. Իժ օձի զավակ Զորամբի։
ՍՄԲԱՏ. Զորամբի։ Հայրիկ, այդ ո՞վ է։
ԲԱՐԽՈԻԴԱՐ. Այն անիծված լեմսա քարոզիչը, որ լութերականությունը բերավ, մտցրեց այստեղ։ Գրեցի՞ր։
ՍՄԲԱՏ. Գրեցի։ Իժ օձի զավակ Զորամբի։
ԲԱՐԽՈԻԴԱՐ. Տակը խազ քաշիր։
ՍՄԲԱՏ. Քաշեցի։
ԲԱՐԽՈԻԴԱՐ. Հիմի գրիր։ Մեր Սուսանն ու Հայրապետի տղա Սեյրանը մնացյալ են Շափալյանց կտուրի տակ։ Հրամանավն աստծո ողջ, առողջ հանյալ են։ Մեր ամենեցուն մեծ ուրախություն։ Գրեցի՞ր։
ՍՄԲԱՏ. Գրեցի։
ԲԱՐԽՈԻԴԱՐ. Տակը խազ քաշիր։ Հիմի մի մատ ներքև գրիր։ Այս գիշեր ի մեջ սեղանի ուխտյալ ենք Սուսանին նշանել Սեյրանի հետ։ Խրախճան։
ՍՄԲԱՏ. Խրախճան։
ԲԱՐԽՈԻԴԱՐ. Եվ հրամանավն աստծո, ինը տարի անցած պսակելու ենք։
ՍՄԲԱՏ. Պսակելու ենք։
ԲԱՐԽՈԻԴԱՐ. Տացե աստված, որ արժանանան սուրբ սեղանին։
ՍՄԲԱՏ. Սուրբ սեղանին։
ԲԱՐԽՈԻԴԱՐ. Ամեն։
ՀԱՅՐԱՊԵՏ. Ամեն։
ԳՅՈԻԼՆԱԶ. Ամեն։
ՄԱՐԻԱՄ. Ամեն, տեր աստված։
ԲԱՐԽՈԻԴԱՐ. Վերջացրի՞ր։
ՍՄԲԱՏ. Վերջացրի։
ԲԱՐԽՈԻԴԱՐ․ (Մարիամին և Գյուլնազին): Հիմի լավ ականջ դրեք։ Քանի՞ տարեկան է Սեյրանդ, Մարիամ բաջի։
ՄԱՐԻԱՄ. Առաջին վարդավառին տասներկուսը կլրանա։
ԲԱՐԽՈԻԴԱՐ. (Գյուլնազին): Քանի՞ տարեկան է մեր Սուսանը։
ԳՅՈԻԼՆԱԶ. Ավետարանի կողքին գրած է նրա ծնունդը։ Եղբայրս է գրել։