ՍՄԲԱՏ. (Նայելով ավետարանի կազմի ներսին): Սեպտեմբերի հինգին ինը տարեկան կլինի։
ԲԱՐԽՈՒԴԱՐ․ (Հանդիսավոր): Այս գիշեր մենք նրանց նշանեցինք: Մեր պապերի օրենքով էգուցվանից էլ նրանք չպիտի տեսնեն իրարու։ Գյուլնազ, Սուսանն էլ չպիտի տնից դուրս գա: Մարիամ բաջի, դու էլ հասկացրու որդուդ, որ էլ Սուսանի երեսը չպիտի տեսնե։ Ինը տարին կանցնի, մենք մեր ուխտը կկատարենք. լսեցի՞ք։ (Չիբուխը լցնում է):
ԳՅՈԻԼՆԱԶ․ Լսեցինք։
ՄԱՐԻԱՄ. Ինչպես հրամայեցիր, այնպես էլ կանենք։
ՀԱՅՐԱՊԵՏ. Դու խոսում ես աստծու և մարդկանց օրենքներով։
ԲԱՐԽՈԻԴԱՐ. (Դուրս բերելով արխալուղի գրպանից մագնիս, կայծակաքար և աբեթ իբր թե չիբուխը վառելու): Հայրապետ, ինչպես ես ու դու մեր կնկա երեսը մինչև հարսանիքի երրորդ օրը չենք տեսել, քո որդին էլ չպիտի տեսնե իր հարսնացուին։ (Աբեթը դնելով կայծակաքարի վրա, մագնիսով զարկում է)։ Տղա և աղջիկ այսպես են, այ։ Եթե նրանք միմյանց տեսնեն, կրակ կառաջանա և մեջտեղ իմ ու քո նամուսը կայրվի այս ղավի պես։ Վայ այն օրին, երբ նրանք մինչև իրանց հարսանիքը կտեսնեն միմյանց։ Ես իմ ձեռքով կխեղդեմ իմ աղջկան էլ, քո որդուն էլ։ (Սմբատին)։ Տուր ինձ այդ ավետարանը։ (Չիբուխը դնում է մի կողմ, ավետարանը վերցնում է, գդակը մի կողմ դնելով, երեք անգամ երեսին խաչակնքում է և ավետարանը համբուրում ու ճակատին դնում): Ամենքդ համբուրեցեք այս սուրբ ավետարանը և ասացեք՝ «ուխտ եմ անում»։ (Ավետարանը տալիս է
Հայրապետին, չիբուխը վերցնում)։
ՀԱՅՐԱՊԵՏ. (Ավետարանը համբուրելով տալիս է Գյուլնազին)։ Ուխտ եմ անում։
ԳՅՈԻԼՆԱԶ․ (Ավետարանը համբուրելով տալիս է Մարիամին): Ուխտ եմ անում։
ՄԱՐԻԱՄ. (Ավետարանը համբուրելով տալիս է Սմբատին):
Ուխտ եմ անում։