ՏԵՍԻԼ 4
ԵՂԻՍԱԲԵԹ, ԿՈՍՏԱՆԴԻՆ և ՍՏԵՓԱՆ
ԿՈՍՏԱՆԴԻՆ. (Գալիս է խորքի ցանկապատի դռնակով: Ամրակազմ, առողջ դեմքով տղամարդ է: Երեսը սափրած է: Հագած է մուգ գույնի վեստոն — պանթալոն, սպիտակ ժիլե և ռուս պաշտոնաթող գնդապետի գդակ): Այո՛ բարեկամս. Արմենուհին կատարելապես իր մայրն է: Հանգուցյալն էլ վտանգ ասած բանը չգիտեր: Բարև, խնամի: (Բարևում է զինվորական ձևով, առանց գդակը բարձրացնելու) :
ՍՏԵՓԱՆ. (Գալիս է Կոստանդինի հետ ցանկապատի դռնակով: Կարճ խուզած միրուքով, խոհուն համակրելի դեմքով, շատ պարզ ձևերով և պարզ հագնված տղամարդ է): Մայրի՛կ, բարև:
ԵՂԻՍԱԲԵԹ. (Յուրաքանչյուրին): Բարով, բարով:
ԿՈՍՏԱՆԴԻՆ. (Շարունակելով իր խոսքը): Մեր դիվիզիայում ոչ մի սպայի կին չէր կարողանում նրա հետ մրցել ձի հեծնելում: Նա միշտ ընտրում էր ամենակատաղի ձին և վարում էր նրան ինչպես առաջնակարգ կավալերիստ: Ա՛խ, ընտիր կին էր նա:
ՍՏԵՓԱՆ. Մայրիկ, մենք քաղցած ենք: (Նայում է իր ժամացույցին):
ԵՂԻՍԱԲԵԹ. Քանի՞ ժամն է:
ՍՏԵՓԱՆ. Երեքին կես է մնում:
ԵՂԻՍԱԲԵԹ՝. Ուրեմն, կես ժամ էլ պետք է սպասել:
ԿՈՍՏԱՆԴԻՆ. (Ստեփանին): Չգիտե՞ք, որ աշխարհը տակնուվրա լինի, երեքից առաջ մեզ ճաշ չեն տալ այս տանը:
ԵՂԻՍԱԲԵԹ. Այո՛, որդուս կարգադրությունն է:
ՍՏԵՓԱՆ. Սամսոնը ուզում է գերմանացի ձևանալ — ճշտապահ:
ԳԱՐԵԳԻՆ. (Երևում է պատշգամբի վրա): Պարոն Վառլամյանը ուզում է տեսնել պարոն բժշկին:
ՍՏԵՓԱՆ. Աա, Հմայա՜կը: Հրավիրիր նրան իմ սենյակը:
ԳԱՐԵԳԻՆ. Նա պարոնի սենյակումն է:
ՍՏԵՓԱՆ. Իսկույն: