ԿՈՍՏԱՆԴԻՆ. Հմայակն ո՞վ է:
ՍՏԵՓԱՆ. Իմ մոտիկ բարեկամներից մեկը: Ես նրան ծանոթացրի Սամսոնի հետ: Եկել է այցելության: Օօ՜, նա հիանալի մարդ է և տաղանդավոր ճարտարապետ: Ապրում է միշտ մայրաքաղաքում, բայց երկու ամսով եկել է այստեղ հանգստանալու և իր հայրենիքի բնությամբ սքանչանալու: (Բարձրանում է սանդուղքով և հեռանում):
ՏԵՍԻԼ 5
ԿՈՍՏԱՆԴԻՆ և ԵԴԻՍԱԲԵԹ
ԵՂԻՍԱԲԵԹ. Խնամի, մի քիչ առաջ դուք իմ փեսայի մոտ ասացիք, թե ձեր աղջիկն իր մորն է նման: Մի՞թե հանգուցյալն էլ իմ հարսի պես է եղել:
ԿՈՍՏԱՆԴԻՆ. (Ծխախոտ է վառում): Այո՛, ի՞նչ եք կամենում ասել դրանով: (Նստում է սեղանից հեռու գտնվող աթոռներից մեկի վրա և ոտը ոտի վրա ձգում):
ԵՂԻՍԱԲԵԹ. Այն եմ ուզում ասել, պատվելի խնամի, որ վերջապես ժամանակն է ձեր աղջկան բան հասկացնելու:
ԿԱՍՏԱՆԴԻՆ. (Անփույթ, ծխախոտի ծուխը գլխից վեր բաց թողնելով): Իմ աղջիկը անհասկացող մեկը չէ, որ նրան բան հասկացնենք դուք կամ ես:
ԵՂԻՍԱԲԵԹ. Ով է ասում, բայց նրա արածն էլ խելոքություն չէ: Նա դեռ չգիտե, որ բամբասանքն օձ է, չի իմանում անմեղին է կծում, թե մեղավորին:
ԿՈՍՏԱՆԴԻՆ. Հետո՞:
ԵՂԻՍԱԲԵԹ. Ինչո՞ւ է նա ամեն օր մեն-մենակ թափառում անտառներում, դաշտերում կամ ժայռերի վրա:
ԿՈՍՏԱՆԴԻՆ. Ինչո՞ւ է թափառում. — որովհետև ամառանոցումն է. նա չորս պատերի մեջ նստելու համար չի եկել այս գեղեցիկ վայրերը:
ԵՂԻՍԱԲԵԹ. Դուք չե՞ք վախենում:
ԿՈՍՏԱՆԴԻՆ. Ինչի՞ց:
ԵՂԻՍԱԲԵԹ. Ով գիտե, հազար ու մի տեսակ մարդ կա